Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. Համոզված եմ՝ մինչեւ դեկտեմբերի 6-ը մեզ հաջողվելու է իրավիճակ փոխել

Նոյեմբեր 04,2015 19:02

Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով՝ դեկտեմբերի 1-ին վանաձորցիների՝ Երեւան տեղափոխելու խնդիրը լուծված է

«Մեր պայքարի առաջին փուլը, որը վերաբերվում է ռեժիմի հեռացմանը, սա ընդամենը միջոց է, բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնանպատակ չէ մեր պայքարը այս ռեժիմի նկատմամբ»,- նոյեմբերի 4-ին «Նոր Հայաստան» փրկության ճակատի՝ Վանաձորում կազմակերպած հանրահավաքի ընթացքում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նշեց, որ իրենք հստակ նպատակ ունեն՝ ռեժիմից ձերբազատվելուց հետո այդ գործընթացը սկսելու է. «Մենք բոլորս ունենք մեր երազած Հայաստանը, պիտի շարունակենք երազել մեր ուզած Հայաստանը, եւ այդ ուղղությամբ գործողություններ: Շատերը հարց են տալիս՝ եթե այս ռեժիմից ձերբազատվենք, ինչպե՞ս պետք է անել, որ օր առաջ նմանվենք պետության, կանգնեցնենք մարդաթափությունը մեր երկրի, եւ օր առաջ ժողովուրդը սկսի զգալ արժանավայել կյանքը: Շատերը հարց են տալիս, թե ինչպե՞ս, այդ հարցի պատասխանը շատ պարզ է: Այն ինչ այս, որ կատարում են այս ռեժիմի ներկայացուցիչները, այն ինչ այն ծրագրերը, որ իրականացնում են այս ռեժիմի ներկայացուցիչները պիտի կատարեն ուղիղ 100 աստիճան հակառակ գործողությունները: Շատ հստակ է, այս ռեժիմը մեզ հուշում է ապագա Հայաստանի զարգացման ծրագիրը: Այսինքն՝ ծրագրերը պիտի մշակվեն ոչ թե օլիգարխիայի համար, այլ պիտի մշակվեն ժողովրդի համար»:

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ ամբողջ Հայաստանի բնակչությունը պետք է գիտակցի դեկտեմբերի 1-ի կարեւորությունը եւ հասկանան, եթե քայլեր չկատարեն՝ կորցնում են հայրենիք. «Դեկտեմբերի 1-ին հավաքվում ենք Երեւանում, այնտեղ ենք որոշում՝ ինչպես ենք ձերբազատվելու, սակայն հավաքվում ենք վճռականությամբ, որ անպայման հեռացնելու ենք այս համակարգին: Կան բազմաթիվ մեթոդներ հեռացնելու այս համակարգը, խոսքը բնականաբար խաղաղ բնույթի մասին է, սակայն մենք այլեւս այն մարդիկ չենք, որ հերթական անգամ թույլ տանք մարտի 1 կրկնի այս համակարգը մեր նկատմամբ: Մենք դեկտեմբերի 1-ին հազարներով ենք հավաքվելու, տասնյակ հազարներով ենք հավաքվելու, եւ ես համոզված եմ, որ մինչեւ դեկտեմբերի 6-ը մեզ հաջողվելու է իրավիճակ փոխել եւ արդեն բանը չհասնի քվեարկության»:

Նա հայտարարեց, որ վանաձորցիները իրեն պատրաստակամություն են հայտնել իրենց հազարավոր քաղաքացիներին դեկտեմբերի 1-ին տեղափոխել Երեւան. «Ուստի՝ այսօրվանից վանաձորցիները պետք է հասկանան, որ տեղափոխման խնդիրը լուծված է: Ընդդիմության միավորվելով միավորվում են նաեւ մեր գրասենյակները, մենք առնվազն «Նոր Հայաստանի» ձեւաչափով այսօր ունենք 2 գրասենյակ՝ հանձինս «Ժառանգության» գրասենյակի եւ Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի: Բոլոր վանաձորցիներին հորդորում եմ այսօրվանից մոտենալ եւ ցուցակագրվել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30