Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանի գրադարանների տնօրենների հետ, ովքեր հրավիրվել էին ծանոթանալու այն գրականությանը, որ այս տարի քաղաքապետարանը ձեռք է բերել մայրաքաղաքի գրադարանների համար։ Զրուցելով գրադարանների տնօրենների ու աշխատակիցների հետ՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ գրադարաններին ուղղված ծրագրերը լինելու են շարունակական և նոր ուղղություններ են ներառելու։
«Երևանում չվերանորոգված գրադարան այլևս չկա։ Սա բավականին մեծ ծավալի խնդիր էր, որ լուծեցինք։ Մեր հաջորդ քայլը լինելու է գրադարանները գույքով համալրելը: Իսկ նոր գրքերի խմբաքանակ ստանալու եք ամեն տարի»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Տարոն Մարգարյանին է ներկայացրել գրադարանները նորատիպ գրքերով համալրելու այս տարվա ծրագրի արդյունքները և նշել, որ յուրաքանչյուր տարի տրամադրվող գրքերի խմբաքանակն ավելանում է։
«Այս տարի 170 անուն 11.000 կտոր գիրք է բաշխվում գրադարաններին՝ մասնագիտական և գեղարվեստական գրականություն, ժամանակակից հայ հեղինակների նորատիպներ, մանկական, երաժշտական գրականություն, գեղանկարիչների պատկերագրքեր և այլն»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Կարդացեք նաև
Երևանի գրադարանները, որոնց թվում նաև դպրոցների ու մշակութային կրթօջախների գրադարանները նոր գրքերով համալրելու ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին, որը ներառված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ցանկում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն