ՀԱԿ-ն առաջադրել է Աշոտ Ադամյանի թեկնածությունը ՀՌԱՀ անդամի թափուր տեղի ընտրության համար
Նոյեմբերի 4-ին ՀՀ ազգային ժողովի կայքում հրապարակվել է հայտարարություն՝ ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` Ազգային ժողովի կողմից առաջադրվող անդամի թափուր տեղի ընտրության համար մրցույթ անցկացնելու մասին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նամակով դիմել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին՝ խնդրելով ներկայացնել թեկնածուներ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խմբակցության անունից առաջադրել է դերասան, մշակույթի գործիչ Աշոտ Ադամյանի թեկնածությունը:
Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որոշեցին ներկայացնել հենց Աշոտ Ադամյանին:
Կարդացեք նաև
«Կարող ենք մի 50 լավ անուն ասել, Աշոտը եւս մեզ համար սիրելի ընդունելի կերպար է, բայց ուրիշ անուններ էլ ունենք»,-ասաց Մանուկյանը:
Քանի որ Լեւոն Զուրաբյանն ԱԺ նախագահին ուղղված նամակում նշել էր, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 97-րդ հոդվածը չի հստակեցնում ընդդիմության կողմից երկու թեկնածուի առաջադրման մեխանիզմը, ինչպես նաեւ չի վերապահում այդ ընտրությունն ԱԺ նախագահին, Արամ Մանուկյանից այդ մասին էլ հետաքրքրվեցինք:
ՀԱԿ քարտուղարը նշեց. «Ամեն ինչ ԱԺ կանոնակարգ օրենքով է կարգավորվում, ոչ թե ինչ-որ մեկը մեզ поблажка է տվել, առաջարկ է արել, այլ օրենքն է այդպիսին: Ինչ վերաբերում է Աշոտին, ինքը սիրելի է, վստահելի է, համարձակ է… Քանի՞ ասեմ, որ իր համար ընդունելի է: Էլի մարդիկ կային, որոնք այդ գործը հրաշալի կարող էին անել, բայց անուններ չեմ տա: Քննարկել ենք բազմաթիվ մարդկանց անուններ, բայց առաջարկել ենք Աշոտ Ադամյանին»:
Հավելենք, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է.: Մրցույթը նախատեսված է դեկտեմբերի 4-ին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ