Վանաձորում նոյեմբերի 4-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանրահավաք էր կազմակերպել: Մինչ հանրահավաքը նախաձեռնության անդամները Վանաձորի կենտրոնական փողոցներում իրազեկման երթ էին անցկացրել:
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իր ելույթի ընթացքում ասաց, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն եւ Սահմանադրության փոփոխությունը 2 առումով արտահերթ է. «Առաջինը՝ այս գործընթացով իշխանությունը փորձում է վերարտադրման իր մեխանիզմները փոփոխել, բերել ավելի կատարելագործված մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան սոցիալ-տնտեսական այն ճգնաժամի պայմաններում, որը հիմա կա եւ որը իշխանությունը ինքն էլ խոստովանում է, որ խորանալու է մյուս տարի, ինքը կկարողանա 17-18 թվականների ընտրական ցիկլը ավելի հեշտ անցնել: Երկրորդ առումով արտահերթ է, որովհետեւ իշխանությունը 12-13 թվականի ընտրական գործընթացում չէր դրել իր ծրագրում նմանատիպ քայլ»:
Արմեն Մարտիրոսյանը նշեց՝ քանի որ իշխանությունը ցանկանում է փոխել իր վերարտադրման մեխանիզմները, իրենք էլ ունեն լեգիտիմ իրավունք դնել իշխանության հեռացման խնդիրը. «Ցանկացած պարագայում ակնհայտ է, որ այն իշխանությունը ձախողել է այն, ինչը նույնիսկ հնարավոր չէր ձախողել, մենք իրավունք չունենք այդպիսի իշխանությանը այլեւս թողել ղեկավարել երկիրը»:
Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց վանաձորցիներին դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում եւ Հայաստանի մյուս հրապարակներում եւ փողոցներում սկսել անհնազանդության շարժում. «Որի իրավունք մեզ տրված է Սահմանադրությամբ, տրված է միջազգային պայմանագրերով եւ ազատության համար պայքարը մեզ տրված է Աստծո կողմից, որը որեւէ մեկը իրավունք չունի մեր ձեռքից վերցնել: Բոլորս դեպի պայքար, այլ ճանապարհ չկա»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ