Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք մեզ զոռով վռնդում երկրից». «Հայփոստ»-ի գործազուրկ դարձած աշխատակիցներ

Նոյեմբեր 04,2015 17:48

Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 1-ին «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի փոստային մասնաճյուղը փակեցին՝ այն միավորելով Սպիտակի բաժանմունքին: Արդյունքում 13 աշխատակիցներ դարձան գործազուրկ. նրանց առաջարկում էին իրենց անձնական միջոցների հաշվին գնալ, աշխատել Գյումրիից 40-50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սպիտակում, իսկ վերջիններս ստանում էին նվազագույն աշխատավարձ:

Գործազուրկ դարձած գյումրեցիները նամակ էին գրել երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին, սակայն պատասխան անգամ չէին ստացել:

Նրանք հերթագրվել էին տրանսպորտի ու կապի նախարարությունում, որպեսզի հանդիպեին Գագիկ Բեգլարյանին ու ներկայացնեին իրենց խնդիրը: Ուրբաթ օրը 3 հոգով մեկնել են մայրաքաղաք՝ նախարարի հետ հանդիպման, սակայն նրանց ընդունել է ոչ թե Գագիկ Բեգլարյանը, այլ նրա խորհրդական Գրիգոր Մելքումյանը: Վերջինս խորհուրդ է տվել նորից դիմում գրել՝ հասցեագրված կապի ու տրանսպորտի նախարարին, նշել է, որ նախարարությունում խնդրին ծանոթ են, այն կքննարկեն ու փոստային մասնաճյուղի գործազուրկ դարձած աշխատակիցներին տեղյակ կպահեն: Իսկ թե ե՞րբ, այդպես էլ բողոքավորներին անհայտ է մնացել:

Aravot.am-ի զրույցում այս մասին հայտնեցին գործազուրկ դարձած աշխատակիցները: «Մենք իրոք զարմացած ենք մեր երկրում տիրող անտարբերությունից, ծայրաստիճան հիասթափված ենք, ինչո՞ւ են մեզ զոռով վռնդում այստեղից, մի՞թե այդքան դժվար է 13 հոգու խնդիրը լուծելը: Եթե նախարարը ամիսը մեկ անգամ է նշանակում քաղաքացիների հետ ընդունելություն, ճիշտ չէ՞ր լինի, որ հենց նա ընդուներ մեզ ու հնարավորինս արագ լուծում տար խնդրին: Թե՞ մենք իրոք պետք չենք հայրենիքին, Սերժ Սարգսյանը մեր կոլեկտիվի նամակին ընդհանրապես չպատասխանեց՝ հասկացնելով, որ մենք իր համար գոյություն չունենք, Գագիկ Բեգլարյանն էլ հարկ չհամարեց անձամբ հանդիպել ու գոնե հուսադրող կես բառ ասել…»,- անչափ վիրավորված ասում էին «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի փոստային մասնաճյուղի նախկին աշխատակիցները:

Հիշեցնենք, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս կառույցը հավատարմագրային կառավարման են հանձնել Էդուարդո Էռնեկյանին, մեկ բաժնետոմսը ՀՀ կառավարությանն է՝ ի դեմս ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարության:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30