Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են համաձայնագրեր

Նոյեմբեր 04,2015 17:33

Նոյեմբերի 4-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել են մի շարք համաձայնագրեր:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է 1985 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (կից հայտարարությամբ) 5-րդ, 6-րդ հոդվածները, 7-րդ հոդվածի 2-րդ եւ 10-րդ հոդվածի 3-րդ կետերը: Հիմնական զեկուցողը նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն առաջարկել է ընդլայնել Խարտիայի հոդվածների՝ ՀՀ համար կիրառելիության շրջանակը ՝ ընդգրկելով նաեւ վերոնշյալ հոդվածները:

2014 թվականի հուլիսի 4-ին Սեուլում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորեայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, սպորտի եւ կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշել է, որ համաձայնագրի նպատակն է ՀՀ եւ Կորեայի միջեւ զարգացնել եւ ամրապնդել մշակույթի, սպորտի եւ կրթության բնագավառներում համագործակցությունը: Նախատեսվում է կապեր հաստատել երկու երկրների հետազոտական եւ կրթական հաստատությունների միջեւ, կազմակերպել դասընթացներ եւ դասախոսություններ մյուս երկրի պատմության, մշակույթի եւ գրականության վերաբերյալ, իրականացնել ուսանողների փոխանակումներ, նպաստել մյուս երկրի լիազորված կրթական հաստատության կողմից տրված վկայականների, դիպլոմների եւ ակադեմիական վկայականների փոխադարձ ճանաչման դյուրացմանը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2015 թվականի մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ծրագրի ֆինանսավորման համար Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրահաղորդման գծի եւ բարձր լարման հաստատուն հոսանքի կայանի կառուցում:

2015 թվականի մայիսի 15-ին Բրատիսլավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Սլովակիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Փաստաթղթի նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրել է 2015 թվականի հունիսի 30-ին եւ 2015 թվականի հուլիսի 7-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջեւ շրջանակային համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաստաթղթով նախատեսվում է, որ հիմնադրամը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհներ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի եւ տուբերկուլյոզի դեմ պայքարին ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովը քննարկել եւ որոշել է առաջիկայում անցկացնել խորհրդարանական լսումներ:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30