«Հայաստանում խաղողի և այլ պտուղների ու բանջարեղենի մթերումը բարեհաջող իրականացվել է: Իհարկե, ընթացքում եղել են խնդիրներ, սակայն մենք կարգավորել ենք այդ խնդիրները: Դուք տեսել եք, որ խաղողի ու պտուղ-բանջարեղենի մեծածավալ մթերում իրականացվեց: Այսօրվա վիճակով կարելի է ասել փառք ու պատիվ բոլոր այդ մթերողներին, որ այդպիսի մեծածավալ մթերում իրականացվեց»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը`պատասխանելով մթերումների հարցով առաջացած խնդիրներին վերաբերվող հարցին:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ մթերումները նախորդ տարվա համեմատ իրականացվել են կրկնակի էժան գներով, նախարարը հակադարձեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը որևէ մեկին գին չի կարող թելադրել: «Գինը շուկան է որոշում»,- ասաց Սերգո Կարապետյանը`հավելելով, որ ամեն ինչ կախված է առաջարկից եւ պահանջարկից:
«Դուք սխալ եք ասում: Դաշտերում հազարավոր տոննաներով պտուղ-բանջարեղեն չի մնացել, ոչ էլ հազար տոննա է մնացել: Դաշտերում, հնարավոր է, մնացած լինի շատ փոքրածավալ բանջարեղեն կամ խաղող: 99 տոկոսով բերքահավաքի աշխատանքներն ավարտվել են»,- ասաց գյուղատնտեսության նախարարը`չհամաձայնվելով լրագրողներից մեկի դիտարկման հետ, որ դաշտերում հազարավոր տոննաներով բերք է մնացել:
Ամեն դեպքում, նախարարն ասաց, որ չի կարող հստակ համաձայնել գյուղացիների այն պնդումների հետ, որ իրենք ավելի շատ տուժել են, քան շահել. «Ես չեմ կարող այդպիսի բան ասել»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ