«Գործը ամբողջական կբացահայտվի դատարանի դահլիճում»,- նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սմբատ Հակոբյանը:
Անդրադառնալով նոյեմբերի 3-ին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առերեսմանը՝ նա ասաց Ռուբեն Հայրապետյանը պնդում է, որ իր հայտարարությունները սուտ մատնություններ են, սակայն ինքը համաձայն չէ եւ առերեսման ժամանակ պնդել է իր նախկինում կատարած հայտարարությունները:
«Հանրությանը ինչ-որ ձեւով փորձվեց ապատեղեկատվություն տարածել, որ սա կենցաղային խնդիրների հետ կապված վեճ է, որը վեր է աճել գզվռտոցի, որտեղ որ մարդիկ են ծեծվել, կոնկրետ իմ անձի հետ կապված: Մենք՝ ես եւ իմ ընկերները բացառեցինք, որ նմանատիպ բան չկա, եւ պնդեցինք, որ եթե կա մեկը իրենց շրջապատից, որի հետ մենք, իրենց բառերով ասած, տալու-առնելու բան ունենք, թո՛ղ բարձրաձայն հայտարարեն այդ մասին: Որովհետեւ ես ինքս՝ որպես տուժող, հայտարարում եմ, որ նման բան չկա, ես իրենց շրջապատի հետ տալու-առնելու, կենցաղային խնդիրներ հատկապես, անձնական թշնամական հարաբերությունն որեւէ մեկի հետ չեմ ունեցել, հատկապես՝ իրենց շրջապատից: Եվ եթե կա մեկը, որ ասում է կենցաղային հողի վրա կատարված դեպք է, թո՛ղ բարձրաձայնի այդ մասին: Հաջորդ փուլում իրենք փորձում են բերել նրան, որ կուլիսներում խոսում են, որ իբր ես հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին անվայելուչ արտահայտություններ եմ արել, այսինքն՝ հայհոյել եմ, իհարկե՛, դա էլ չեն կարողանա ապացուցել, որովհետեւ ես եւ իմ տեսակը, իմ ընկերները բնույթով այնպիսի մարդիկ ենք, որ երբեք որեւէ մեկի հետեւից անձնական որեւէ բնույթի հայհոյանքներ չենք անում, որովհետեւ խնդիրը վերաբերվում է զուտ քաղաքական դաշտին: Հիմա ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, եթե կա որեւէ մեկը, որի ներկայությամբ ես հանրապետության նախագահին կամ որեւէ պաշտոնյային կամ շրջակայքում երեւացած որեւէ մեկին անվայելուչ արտահայտություններ եմ արել կամ հայհոյել եմ, թո՛ղ ասի: Ես ուղղակի հայտարարում եմ, որ հատկապես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, նրա շրջապատում կանգնած որեւէ մեկին ես անվայելուչ հայտարարություն չեմ արել, ե՛ւ չեմ էլ պատրաստվում անել, իմ խնդիրը զուտ քաղաքական է»:
Սմբատ Հակոբյանը հայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանի հետ առանձին հանդիպում չի ունեցել, չնայած որ առաջարկություններ եղել են. «Իհարկե՛, ընկերները փորձել են: Ես անցած անգամ էլ ասացի ավտարիտետների բազառները, հեղինակությունները թաղային փորձեցին միջամտել, հորդորել: Նաեւ որեւէ մեկը չի կարող բացառել, եւ ես ասում եմ՝ դա իրականություն է, իհարկե՛, եղել է: Արտերկրից մարդիկ են եկել, հորդորել են, որպեսզի բարեկամական մթնոլորտում գուցե սենց, գուցե սենց, բոլորն էլ մերժվել են: Որեւէ մեկը այս պարագայում չի կարող փաստել, որ ես որեւէ մեկի հետ այս պարագայում, այս գործի ընթացքի հետ կապված բանակցային գործընթաց եմ սկսել կամ փորձել եմ նույնիսկ ճանապարհներ փնտրել Ռուբեն Հայրապետյանի կամ նրա մտերիմներից որեւէ մեկի հետ հանդիպելու, բանակցելու համար»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ