Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում մայրաքաղաքից զորակոչված ևս 51 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին, ինչպես նաև խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով: Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում այս անգամ ընդգրկվել են ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի զինվորները: Պատանի հանդիսատեսի թատրոնում զինվորների և նրանց ծնողների համար կազմակերպված հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում նախաձեռնել սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր՝ պարբերաբար ապահովելով երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումը:
«Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ամենատարբեր ծրագրերի շարքում առանձնակի կարևոր տեղ են զբաղեցնում բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումները։ Երևանաբնակ զինվորների ծնողներին տարեկան առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասեր ուղեկցելու` արդեն ավանդույթ դարձած մեր ծրագիրը, որը բավական մեծ արձագանք է գտել ու դրական գնահատականի է արժանացել ինչպես մեր բնակչության, այնպես էլ զինված ուժերի հրամանատարության կողմից, գումարվել է նաև այս հրաշալի ծրագիրը։ Պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում արդեն ոչ միայն ծնողներն են մեկնում զորամասեր, այլ նաև ծառայության մեջ աչքի ընկած մեր զինվորներն են որպես խրախուսանք գալիս տուն, հանդիպում իրենց ծնողներին ու հարազատներին։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է խրախուսել և աջակցել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, մեր բանակի մարտունակությանը, մեր զինվորի անվտանգ ծառայությանն ուղղված ցանկացած նախաձեռնության։ Համոզված եղեք, որ Պաշպանության նախարարության հետ մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական»,- ընդգծել է Դավիթ Օհանյանը։
ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանն իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետի կողմից համատեղ ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված մշտական աջակցությունը, նշել է, որ այն իսկապես սպասված է ինչպես հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորների, այնպես էլ նրանց ընտանիքների համար:
Հանդիսավոր արարողության ընթացքում առավել աչքի ընկած մի շարք զինվորներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Իսկ մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինվորների ծնողներն էլ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով: Հանդիսության ընթացքում ցուցադրվել է նաև ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի մասին պատմող վավերագրական ֆիլմ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան