Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից 26 տուժածներ գտնվում են ՌԴ-ի տարբեր հիվանդանոցներում, իսկ Ուզլովայա բնակավայրի բուժհաստատությունում գտնվող 15 տուժածներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 2-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Այսօր այս մասին «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը: Պարոն Խանգելդյանն ասաց, որ մահացածները 8-ն են:
Կենտրոնի տնօրենի խոսքերով՝ կան 2 տուժածներ, որոնց անունները հայտնի չեն, միայն ազգանուններն են պարզել, ուստի նրանց ինքնությունը դեռ չի հաստատվել:
Ի վերջո ի՞նչն է եղել վթարի պատճառը, պարոն Խանգելդյանը չկարողացավ ասել, նա նշեց, որ լրատվամիջոցներով տարբեր վարկածներ են շրջանառվում՝ վարորդի անզգուշությունը, տրանսպորտի անսարքությունը, արտաքին գործոնների առկայությունը, որը եւս կարող էր դժբախտ պատահարի տեղի տալ, սակայն հստակ բան չկա, Ռուսաստանի դաշնության իրավապահ մարմինները պաշտոնական հայտարարություն չեն արել:
Խանգելդյանը վստահեցրեց, որ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվելու է տուժած մեր հայրենակիցներին աջակցություն տրամադրելու հարցերով՝ փաստաթղթերի վերականգնման, Հայաստան տեղափոխման, իսկ ծանր վիճակում գտնվողներին՝ Մոսկվայի հիվանդանոց տեղափոխման:
Կարդացեք նաև
Ըստ կենտրոնի ղեկավարի, ավտոբուսում եղել է 63 ուղեւոր, որոնցից 2-ը՝ վարորդ:
Հիշեցնենք, որ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսը նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովայա շրջանում վթարի է ենթարկվել, ուղեւորափոխադրումն իրականացրել է «Կինգ դե լյուքս» ընկերությունը, որի սեփականատերն է Արթուր Հարությունյանը, (Պալաչ ): Նա ավտոբուսի անսարքության վարկածը բացառում է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ