Լրահոս
Օրվա լրահոսը

Գունար Վիգանդը հայկական կողմին հիշեցրեց Ասոցացման համաձայնագրի տապալված բանակցությունները

Նոյեմբեր 04,2015 13:38

«Նախկին ժամանակներում ես շատ եմ այցելել Հայաստան, երբ բանակցում էինք Ասոցացման համաձայնագրի շուրջ, բայց դուք տեսաք, թե 2013-ին ինչ տեղի ունեցավ: Բայց Եվրամիությունը հարգում է Հայաստանի ընտրությունը` մասնակցությունն ու անդամակցությունը ԵՏՄ-ին»,-այսօր հայկական կողմին հիշեցնելով Ասոցացման համաձայնագրի շուրջ տապալված բանակցությունները՝ ասաց Եվրամիության ներկայացուցիչ Գունար Վիգանդը, որը «Դաբլ թրի բայ Հիլթոն» հյուրանոցում մասնակցում էր ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստին:

Պարոն Վիգանդը վստահեցրեց, որ Եվրամիությունը Հայաստանի համար ամենալավ գործընկերներից մեկն է առեւտրի եւ ներդրումների բնագավառներում:
Հատկապես, որ տնտեսական առումով Ադրբեջանի համար մարտահրավեր ներկայացնող ժամանակաշրջան է:

«Համագործակցության շրջանակներում մենք ունենք աջակցության մի մեծ պորտֆել եւ ցանկանում ենք առաջ տանել Հայաստանում իրականացվող բարեփոխումները»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ ներկայացուցիչը: Նրա խոսքերով, Եվրամիության նախարարների կոմիտեի կողմից ինքը նոր մանդատ է ստացել, որով պետք է բանակցի Հայաստանի հետ նոր պայմանագրերով ու նոր ձեւաչափով. «Այս նիստին քննարկելու ենք թե ինչպիսի ֆորմատով ենք զարգացնելու մեր հարաբերությունները»:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը հայկական կողմի նիստի համանախագահն էր, տեղեկացրեց, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացնելու:

Նախարարի խոսքերով. այս տարվա հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում Եվրոպական միության խորհուրդը տրամադրեց Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ վարելու մանդատը. «Բանակցությունների մեկնարկը նախատեսվում է մինչեւ տարեվերջ, ապագա մանդատը նախատեսում է, որ կփոխարինի Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կնքված գործընկերության եւ համագործակցության մասին ներկայում գործող համաձայնագրին` նպատակ ունենալով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու, դառնալով համատեղ հանձնառության երաշխիք»:

Կարեն Ճշմարիտյանը նաեւ ասաց, որ այս տարվա դեկտեմբերին Հայաստանի պատվիրակությունը կժամանի Բրյուսել. «Քննարկելու ենք Հայաստան-Եվրամիություն բոլոր ուղղությունները` սկսած տնտեսական հարաբերություններից, մշակութային գիտական: Քննարկվելու են նաեւ քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցեր: Կոմիտեի այս նիստը հատկանշական է այն առումով, որ Եվրամիությունը մանդատ է ստացել Հայաստանի հետ նոր ձեւաչափի վերաբերյալ պայմանագիր կնքելու բանակցությունները սկսելու վերաբերյալ: Հայկական կողմն ունի նոր առաջարկներ համագործակցության ուղղությունների վերաբերյալ:
Մեր, համարյա, բոլոր գերատեսչություններն ունեն առանձին առաջարկներ»:
Ըստ Կարեն Ճշմարիտյանի՝ Եվրամիության հետ մասնավորապես կհամագործակցեն գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի ոլորտներում:

Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է համագործակցել ինովացիոն եւ փոքր ու միջին բիզնեսի աջակցության ոլորտներում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30