Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Ես դեմ եմ քվեարկելու Սահմանադրական փոփոխություններին». «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 04,2015 12:19

ՀՀ առաջին Սահմանադրությունում, որն ընդունվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, Խոսքի ազատության մասին հոդվածը 25-րդն էր։ Հետո Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, երբ Սահմանադրությունը փոխվեց, այդ հոդվածը տեղ գտավ 27-րդ հորիզոնականում։ Սերժ Սարգսյանի իշխանության՝ Սահմանադրության նախագծում այդ հոդվածը դարձել է 41-րդը, ինչը տարակուսանք է առաջացրել որոշ շրջանակներում։

Օրերս տեղի ունեցածի մասին մտահոգություն հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, որի հայտարարությանը բավականին հետաքրքիր արձագանքեց նրա գործընկերներից մեկը. «oshibka po Freydu»: Հենց այս մասին էլ զրուցեցինք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ։

– Մի քիչ ուշացած չէ՞ նաեւ ուշադրությունն այն բանին, որ կարեւորագույն հոդվածը հետընթաց է գրանցել Սահմանադրության նախագծում։

– Առհասարակ մոտեցումն այդ փոփոխություններին շատ սեւ ու սպիտակ ստացվեց՝ այո կամ ոչ։ Եվ մարդիկ, որոնք պետք է բովանդակային քննարկում ծավալեին, ձեռնպահ էին մնում, որովհետեւ այդ փոփոխությունների գաղափարին դեմ էին ընդհանուր առմամբ եւ քննարկումներում իրենց մասնակցությունը կարող էր լեգիտիմացնել փոփոխությունների գործընթացը։ Իրենք ուղղակի բոյկոտում էին ու չէին մասնակցում։ Դա լավ չէր։

Ես ընդհանուր առմամբ, դեմ լինելով այս փոփոխություններին, բայց հասկանալով, որ կա դրանց անցկացման մեծ հավանականություն, որոշ դեպքերում իմ առաջարկություններն արել եմ։ Ես հանձնաժողովի անդամներից մեկին ասել եմ ու պատգամավորներից մեկի հետ էլ փոխանցել եմ իմ դիրքորոշումը, որ կատարվածը անտրամաբանական է, եւ չի կարելի խոսքի ազատությանն այդքան անուշադիր վերաբերվել ու իջեցնել-դարձնել 41-րդ հոդված։ Բայց դրան ըմբռնումով չմոտեցան, ամեն ինչ մնաց այնպես, ինչպես կար։

Իրականում՝ կարծում եմ, որ եթե կոնստրուկտիվ մոտենայինք, գուցե կարողանայինք այս իմաստով փաստաթղթում բարեփոխում արձանագրել:

Մյուս կողմից էլ ես հասկանում եմ մարդկանց, որոնք ասում են՝ մենք ընդհանուր դեմ ենք փոփոխություններին եւ չենք ուզում մասնակցել որեւէ հոդվածի քննարկման։ Պետք է հարգել նաեւ այս մոտեցումը։

Ես անձամբ փոփոխություններին դեմ եմ, բայց հանդիպումների ժամանակ, այնուամենայնիվ, ասում էի՝ սա խայտառակություն է եւ պետք է փոխել։ Իմ կողմից արված որեւէ առաջարկ չի անցել, եւ դա եւս մեկ հիմք է տալիս, որպեսզի ես այդ փաստաթղթին ոչ ասեմ։

– Դուք կանխեցիք իմ հարցը։ Որպես ՀՀ քաղաքացի փաստորեն ունեք ձեւավորված դիրքորոշում՝ ինչպե՞ս եք քվեարկելու դեկտեմբերի 6-ին։

– Այո, ես ունեմ իմ դիրքորոշումը, եւ ես չեմ թաքցնում այն։ Ես դեմ եմ քվեարկելու եւ կոչ եմ անում, որպեսզի մարդիկ անպայման մասնակցեն  այդ քվեարկությանը եւ իրենց դիրքորոշումն հայտնեն՝ անկախ նրանից՝ կողմ են, թե՞ դեմ։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30