«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի դիտարկմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանին հաջողվեց հաղթանակ տանել խորհրդարանական ընտրություններում՝ երկրում վախի մթնոլորտ ստեղծելով ։
Այսօր «Հայելի» ակումբում նա խոստովանեց, որ սխալվել է՝ մինչեւ ընտրությունները պնդում էր, որ Էրդողանը չի կարողանա հավաքել ձայների մեծամասնություն:
Պարոն Պապյանը չի բացառում, որ երկրում բախումներն ու պայթյունները հրահրված էին իշխանության կողմից ու հենց դա աշխատեց Էրդողանի ՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակն ապահովելու համար. «Նրան հաջողվեց համոզել ժողովրդին, որ միայն ինքը կարող է երկրում ստեղծված իրավիճակը հարթել և ժողովրդին տանել դեպի զարգացում։ Բայց բռնության այն ալիքը, որ հրահրվեց՝ կարող է շարունակվել ու դուրս գալ վերահսկողությունից։ Կկարողանա՞ Էրդողանը վերահսկել իրավիճակը, դժվար է այս պահին ասել։ Բայց նա փորձում է խալիֆի դերակատարություն ստանձնել։ Ձգտում է լինել սունի աշխարհի առաջնորդը»:
Արա Պապյանի համոզմամբ, առաջիկայում Էրդողանը ավելի կկոշտացնի իր ներքին ու արտաքին քաղաքականությունը.
Կարդացեք նաև
« Եթե Գյուլն ավելի փափուկ էր, ֆուտբոլային դիվանագիտություն էր վարում, ապա Էրդողանն ի սկզբանե կոշտ դիրքորոշում ուներ ու ավելի կկոշտանա։ Թուրքիան ավելի շատ հակված է բռնատիրության, քան մենք էինք կարծում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ