Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Ադրբեջանից բացի՝ որեւէ մեկը նույնիսկ այդ նյութին չի անդրադառնալու» «Ժողովուրդ»

Նոյեմբեր 04,2015 11:16

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ԼՂՀ իշխանությունները ինչ դիրքորոշում ունեն «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի՝ ԵԽԽՎ հանձնաժողովի օրակարգում ընդգրկվելու հետ կապված։

– Ուոլթերը նաեւ իր զեկույցում երկկողմանի տեսակետ չներկայացնելը պատճառաբանում է նրանով, որ ՀՀ իշխանությունները թույլ չտվեցին, որպեսզի նա այցելի Արցախ՝ այնտեղից եւս տեսակետ ունենալու համար։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս ամենի հետ կապված, արդյոք իսկապես ճի՞շտ չէր լինի, որ զեկուցողն Արցախի իշխանությունների հետ եւս զրույց ունենար, գուցե տեսակետը փոխե՞ր։

– Չեմ կարծում, որովհետեւ մենք ոչ թե պատրաստակամություն ենք հայտնել այդ մարդուն ընդունել ու վերջին պահին ասել ենք, որ ոչ, չենք ընդունում, այլ մենք մեկ տարի շարունակ տարբեր մեսիջներ ենք ուղարկել, որ մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած տարբերակ, բայց պետք է լինի ողջամիտ մոտեցում, պետք է նաեւ այդ չարաբաստիկ վերնագիրը փոխվի, որից հետո մենք պատրաստ ենք նրան ընդունել։ Բայց այդ մարդը չէր պատրաստվում վերանայել, որովհետեւ այդ զեկույցը վաղուց պատրաստված է եղել, ընդամենը նա իր ստորագրությունն է դրել, այսպես կոչված, փաստաթղթի տակ։

Եվ մի՞թե Դուք կարծում եք, որ եթե նա գար այստեղ, կարող է՝ ինչ-որ փոփոխություններ լինեին, ոչ, ընդհակառակը, կասեր՝ գնացել եմ, ու տեսեք՝ ապացուցում եմ, որ իրավիճակն այնպիսին է, ինչպես գրված է զեկույցում։ Մարդիկ են, կարող են սխալվել, բայց երբ չեն ուզում իրենց սխալներն ուղղել, այ, սա ոչ միայն ամոթ է, այլ նաեւ վտանգավոր։

– Եթե հարցն ընդգրկվի ԵԽԽՎ հունվարին կայանալիք նստաշրջանի օրակարգում, ու զեկույցն ընդունվի ԵԽԽՎ նիստում, ի՞նչ ենք կորցնելու մենք, ի՞նչ ազդեցություն է այդ հակահայկական զեկույցն ունենալու հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

– Մի բան ակնհայտ է, որ մենք խուճապի չենք մատնվել, սպիտակ դրոշներ չենք բարձրացրել, դա որեւէ բան չի տալու, պարզապես այդ նյութը մտնելու է արխիվ, Ադրբեջանից բացի՝ որեւէ մեկը նույնիսկ այդ նյութին չի անդրադառնալու, ու այդ զեկույցը թաղվելու է արխիվի փոշու մեջ։ Ուրիշ որեւէ ճակատագիր այդ զեկույցին չի սպասվում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30