2015թ. հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը, որի հիման վրա ՀՀ նախագահը 08.10.2015թ. հրապարակեց հրամանագիր՝ հանրաքվեի օր նշանակելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ը: Հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց 2015 թվականի հոկտեմբերի 10-ից:
Սույն ամփոփագրում ներառված են տեղեկություններ հանրաքվեի նախապատրասման և քարոզչության առաջին ամսում (հոկտեմբերի 10-31, 2015) վարչական ռեսուրսի ակնհայտ կամ հնարավոր օգտագործման վերաբերյալ:
1. Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, քարոզչության առաջին իսկ օրերին մարզպետները հանդիպումներ են ունեցել գյուղապետերի հետ և նրանց վրա դրել «այո» քվեի որոշակի թիվ ապահովելու պարտավորություն[1]: Հաշվի առնելով համայնքների բնակչության իրազեկվածության ցածր մակարդակը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների և դրանց հնարավոր ազդեցության մասին և լրատվամիջոցների կողմից հիմնականում իշխանական «այո» դիրքորոշման տարածումը՝ մարզպետների գլխավորությամբ իրականացվող քարոզչությունը ստեղծում է անհավասար պայմաններ սահմանադրության փոփոխությունների ջատագովների և ընդդիմախոսների միջև:
2. 2015թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ քարոզչական շտաբի պետ՝ ստանձնելով հանրաքվեի քարոզչության աշխատանքները կազմակերպելու պատասխանատվությունը: Ըստ ՀՀԿ մամլո խոսնակի հայտարարության՝ վարչապետն արձակուրդ չի մեկնի և կհամատեղի վարչապետի և շտաբի պետի պաշտոնները[2]: Հարկ է նշել, որ Հ.Աբրահամյանը նախընտրական շտաբներ ղեկավարելու հարուստ փորձ ունի. նա 2008 և 2013 թվականների նախագահական ընտրություններին գլխավորել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, իսկ 2012-ի խորհրդարանական ընտրություններին եղել է ՀՀԿ շտաբի ղեկավարը։ Երեք ընտրությունների արդյունքում էլ ՀՀԿ-ն կամ նրա թեկնածուն հայտնվել են առաջին տեղում, սակայն այդ ընտրությունների գործընթացի և արդյունքների օրինականությունը կասկածի տակ է դրվել ինչպես ընդդիմադիր քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, դիտորդ կազմակերպությունների կողմից:
Կարդացեք նաև
«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում առկա չէ վարչական ռեսուրսի օգտագործումն արգելող կամ սահմանափակող որևէ դրույթ, իսկ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց ընդհանրապես չի արգելվում քարոզչություն իրականացնելը, ինչպես և առկա չէ վարչական ռեսուրսի օգտագործումն արտոնող որևէ դրույթ[3]: Չնայած որ 2015թ. հունիսի 10-ին Էական փոփոխություններ են կատարվել այս օրենքում, քարոզչության սուբյեկտներին վերաբերող դրույթները թողնվել են անփոփոխ, ինչով և իշխանությունները հարմարավետորեն հիմնավորում են վարչապետի կողմից շտաբի պետի պաշտոնի ստանձնման օրինականությունը:
3. 2015թ. հոկտեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում տեղի է ունեցել քննարկում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որտեղ հանդես են եկել միայն «այո»-ի ջատագովները՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակած հանձնաժողովի անդամներ Գագիկ Ղազինյանը և Գևորգ Դանիելյանը: Վերջիններս սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացրել են միայն դրական եզրերով և ընդգծել դրա առավելությունները գործող Սահմանադրության համեմատ՝ այդպիսով իրականացնելով «այո»-ի քարոզչություն[4]: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ.Ղազինյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանն է, իսկ Գ.Դանիելյանը՝ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը, ապա նրանց կողմից տարվող քարոզչությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ուսանողների կարծիքի ազատ ձևավորման վրա[5]:
Այդ քննարկմանը հաջորդած հարցազրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել է, որ միջոցառումը շարունակություն է ունենալու և համալսարանի մասնագետների պարտքն է իրազեկել կոլեկտիվի անդամներին և ուսանողությանը, բայց թույլ չի տա որևէ մեկին դրսից գալ բուհ և «ոչ» քարոզել[6]: Սա նշանակում է, որ ԵՊՀ-ում սկսվել է անհավասար պայմաններով քարոզարշավ` սահմանափակելով սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հավասարակշռված տեղեկատվության տրամադրումը:
4. Ս.թ. հոկտեմբերի 24-ին սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ կենտրոնական շտաբի անդրանիկ նիստում շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի տեղակալներ են նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը[7]: Այս անձանց մեծամասնությունն իրենց պաշտոնների բերումով ուղղակի ազդեցություն ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների վրա:
Ակնհայտ է, որ պետական պաշտոնյաների ներգրավումն այս գործընթացում վարչական ռեսուրսի և ազդեցության լծակների բացահայտ չարաշահում է, քանի որ պետական ռեսուրսի մի ահռելի հատված ծառայեցվում է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած անձի շահերին, ինչի արդյունքում «այո»-ի քարոզչությունը շոշափելի և չհիմնավորված առավելություն է ստանում սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսների «ոչ»-ի քարոզարշավի նկատմամբ՝ կասկածի տակ դնելով հանրաքվեի գործընթացի արդարությունը և օրինավորությունը:
Հարկ է նշել, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքն արգելում է պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնող անձանց քարոզչություն կատարել իրենց լիազորություններն իրականացնելիս[8], սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը կամ ՀՀ քրեական օրենսգիրքը չեն նախատեսում որևէ պատասխանատվություն նման դեպքերի համար՝ ըստ էության անարգել հնարավորություն տալով վարչական ռեսուրսի չարաշահման համար: Նաև հայտնի չեն դեպքեր, որ որևէ վարույթ հարուցված լինի քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից քարոզչություն կատարելու կամ քարոզչության կարգի այլ խախտումների համար:
5. 2015թ. հոկտեմբերի 25-27-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկվեց «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն է տրվում քվեարկել նույնականացման քարտով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ մոտ կես միլիոն քաղաքացի կրում են անձը հաստատող երկու փաստաթուղթ՝ անձնագիր և նույնականացման քարտ, որից մոտ 180000-ը՝ միայն նույնականացման քարտ: Հաշվի առնելով այն, որ հաշվառման հասցե չպարունակող և դրոշմակնիք դնելու հնարավորություն չտվող նույնականացման քարտերի օգտագործումն իր հետ բերում է կրկնաքվեարկության ռիսկեր, որոշ պատգամավորների կողմից եղան հատուկ սարքերի կամ այլ միջոցներով կրկնաքվեարկությունը վերահսկելու առաջարկներ[9], սակայն նախագծի հեղինակների կողմից մերժվեցին այդ առաջարկները: Արդյունքում՝ ս.թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոփոխությունը[10]:
6. 2015թ. հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայքում հրապարակվեցին հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների ցուցակները: Արդեն իսկ ստացվել են բազմաթիվ ահազանգեր այդ ցուցակներում տեղ գտած խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության Գյումրու կառույցից հայտնել են, որ չնայած 2011թ. մարդահամարի տվյալներով Գյումրում եղել է 123 հազար բնակիչ, ընտրացուցակներում ներառված անձանց քանակը կազմում է 126 հազար ընտրող[11]: Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ահազանգի` Լոռու մարզում ընտրողների թիվը կազմում է մշտական բնակչության 102%-ը, իսկ Վանաձորում՝ 114%-ը[12]: Ըստ ILur լրատվամիջոցի, հրապարակված ընտրացուցակների համաձայն՝ Աբովյանում և Արտաշատում ողջ բնակչությունը ընտրողներ են, իսկ Ալավերդի քաղաքում ընտրողների թիվը մոտ 3 հազարով ավել է բնակչության պաշտոնական թվից[13]:
[1] https://www.chi.am/index.cfm?objectid=7CE13620-72A6-11E5-81980EB7C0D21663
[2] https://www.azatutyun.am/content/article/27315713.html
[3] «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենք, հոդված 20, կետ 5:
[4] https://www.youtube.com/watch?v=cHcNnR7gZ5w, https://www.azatutyun.am/content/article/27321152.html, https://www.azatutyun.am/content/article/27316749.html
[5] «Հանրաքվերի մասին» ՀՀ օրենք, հոդված 20, մաս 5
[6] https://www.azatutyun.am/content/article/27316749.html
[7] https://armlur.am/436691
[8] «Հանրաքվերի մասին» ՀՀ օրենք, հոդված 20, մաս 5
[9] https://www.azatutyun.am/content/article/27331456.html
[10] https://www.azatutyun.am/content/article/27334138.html
[11] https://www.aravot.am/2015/10/28/623247/
[12] https://www.ilur.am/news/view/50014.html
[13] https://www.ilur.am/news/view/45738.html#sthash.CEKeIyQP.dpuf