Հայտնի բժիշկ-վիրաբույժ Արտավազդ Սահակյանը նախօրեին հերթական հրաշքն է գործել. նա վերականգնել է 32-ամյա տղամարդու ավտովթարի հետեւանքով պոկված ոտքը։
ՀՀ ՏԿԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որ նախօրեին Ջերմուկ քաղաքում «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով վարորդ Վարուժան Խուրշուդյանը արգելափակվել է ավտոմեքենայում եւ ստացել ձախ ոտքի ստորին վերջույթի կտրվածք։
Բժիշկ Սահակյանը զրույցում պատմեց, որ վթարից հետո ամեն ինչ տեղի է ունեցել շատ օպերատիվ կերպով. «Ինձ զանգահարեց Ջերմուկի քաղաքապետը, զգուշացրեց դեպքի մասին։ Հիվանդին տեղափոխեցին Վայքի հիվանդանոց, մեկ ժամ հետո մեքենայի ավերակներից կարողացել են հանել ոտքը, նույնպես տարել են Վայք եւ անմիջապես տեղափոխել մեզ մոտ։ Մեզ մոտ ընդունվելուց հետո 2.5 ժամ անց առաջին զարկերակը վերականգնվել է եւ ոտքը կենդանացել է, իսկ ընդհանուր առմամբ՝ վիրահատությունը շարունակվեց եւս 5.5 ժամ»։
Նա տեղեկացրեց, որ այժմ հիվանդի վիճակը մնում է ծանր եւ կայուն, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գիտակցություն ունի։ «Բավականին դժվար դեպք էր, որովհետեւ ավտովթարները միշտ բերում են հյուսվածքների ջնջխման, իսկ տվյալ դեպքում վերականգնումը շատ դժվարանում է։ Եթե կացնով կամ սղոցով է կտրվում, էդ դեպքում հեշտ է, իսկ այս դեպքում դժվար է»,- մանրամասնեց բժիշկը։
Կարդացեք նաև
Հարցին՝ արդյո՞ք 32-ամյա տղամարդը կկարողանա հետագայում քայլել առանց հենակների, Սահակյանը պատասխանեց. «Այո, վերջույթը մոտ 12 սանտիմետր կարճացված է, քանի որ այդ ջնջխված մասը հեռացվում է: Աջ ազդրը նույնպես ունի կոտրվածք։ Երբ առողջացավ, մենք պետք է սկսենք վերջույթի երկարացումը։ Վերջույթի երկարացումից հետո ազատ կքայլի»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում