Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. Լեւոն Զուրաբյանն ասել է, թե ողջունում են այսօրվա իշխանությունների ռուսական կողմնորոշումը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 04,2015 10:43

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը պատմեց, որ Մատվիենկոն խիստ զարմացել է Զուրաբյանի հայտարարությունից, իսկ վերջինս, տեսնելով ներկաների ապշահար դեմքերը, հայտարարել է. «Я пошутил»։

«Հանդիպման ժամանակ Լեւոն Զուրաբյանը ձեռք բարձրացրեց, ներկայացրեց, որ ողջունում է Հայաստան- Ռուսաստան բարեկամությունը, որ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից այդ բարեկամությունը դրվել է նոր մակարդակի վրա եւ չնայած որ ինքը ընդդիմություն է եւ իրենք շատ հզոր քննադատում են այսօրվա իշխանություններին, բայց ողջունում են այսօրվա իշխանությունների ռուսական կողմնորոշումը եւ համագործակցությունը ՌԴ-ի հետ։ Ասաց, որ Հայաստանում այն ուժերը, որոնք կողմնակից չեն ՌԴ-ին, ընդամենը մի քանի հոգի են եւ մարգինալ են։ Զուրաբյանը, իր խոսքը շարունակելով, ցիտեց Պուտինի ինչ-որ ելույթ, որտեղ ասվում է, որ Սահմանադրությունը չի կարելի շատ արագ փոխել եւ այդ ցիտումից հետո կոչով դիմեց տիկին Մատվիենկոյին, որ խնդրում եմ, դիմեք մեր իշխանություններին, որ զերծ մնան սահմանադրական բարեփոխումներից»,- պատմեց Թեւան Պողոսյանը։

Ըստ նրա, Մատվիենկոն, ով պակաս զարմացած չի եղել, հայտարարել է, որ Հայաստանը սուվերեն երկիր է եւ որեւէ մեկը իրավունք չունի խառնվելու Հայաստանի սուվերեն իրավունքներին։ «Հասկանալով, որ շատ անհաջող մեջբերում է արել, որը բոլորի դեմքից կարելի էր նկատել, պարոն Զուրաբյանը, չգիտեմ ինչու, որոշեց ասել, որ կատակ է արել, ինչն ընդհանրապես ավելի վատ իրավիճակ ստեղծեց»,- պատմեց Թեւան Պողոսյանը։

Tevan PogosyanՆա, ինչպես նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, իրենց հերթին են հայտարարել, որ ո՛չ Արեւմուտքը եւ ո՛չ էլ ՌԴ-ն իրավունք չունեն Հայաստանին ասել՝ ինչ պետք է անել։ «Իսկապես ցավալի է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք խնդրանքով են դիմում այլ երկրի հատկապես պառլամենտական ղեկավարությանը, որ դիմեն ՀՀ ղեկավարությանը ինչ-որ բան անելու կամ չանելու համար։ Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ անկախ պետություն ենք եւ ինքներս պետք է մեր խնդիրները լուծենք, այլ ոչ թե գնանք, ուրիշներին խնդրենք»,- ասաց Թեւան Պողոսյանը։

Հարցին՝ որեւէ մեկը հետո Զուրաբյանից բացատրություն պահանջե՞լ է նրա ասածի համար, Պողոսյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չեմ պահանջել։ Այն ուժը, որը քվեարկեց ԵՏՄ-ի օգտին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր խոսում էին այլընտրանքային ուղու մասին, անվանում էր ջղաձգվողներ, ի՞նչ պահանջեմ այդ խմբից։ Իսկապես՝ ոչ այդքան լավ իրավիճակ էր ձեւավորվել, նույնիսկ տիկին Մատվիենկոն չէր հասկանում՝ ինչպես անել, եւ զարմանք հայտնելով ասաց՝ բայց դուք սուվերեն երկիր եք, ինքներդ պետք է ձեր հարցերը լուծեք, մենք ո՞վ ենք, որ այդպիսի հարցեր բարձրաձայնենք, իսկ այն, ինչ ասել է Պուտինը, ասել է ՌԴ-ի համար եւ դա վերաբերում է միայն ՌԴ-ին»։

Ի դեպ, պատգամավորը հայտնեց նաեւ, որ Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը իր տեսակետները արտահայտել է հայերեն եւ ապահովվել է պատշաճ մակարդակով թարգմանություն ու միայն մեկ պատգամավոր է ռուսերեն խոսել։ Պարզվում է, այդ պատգամավորը եղել է Լեւոն Զուրաբյանը։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30