Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կփոխվի «քաղաքականությունը»

Նոյեմբեր 04,2015 10:19

Ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ նրանց ներկայացուցիչների արձագանքը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարին եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանում «քաղաքականություն» հասկացությունը պետք է հիմնովին վերանայվի: (Եվ ինչո՞ւ միայն Հայաստանում՝ ամբողջ աշխարհում): Արձագանքը մոտավորապես հետեւյալն է. մեր ժամանակ ավտոբուսները չէին վթարվում, մինչեւ ռեժիմը չփոխվի, վթարները շարունակվելու են: Մարդկային պարզ մոտեցումները՝ վիշտը, կարեկցանքը, նրբանկատությունը, մեր քաղաքականությանը հակացուցված են:

Եթե մարդկային կյանքեր խլած աղետի նկատմամբ է վերաբերմունքն այդպիսին, ապա սահմանադրական փոփոխությունների նման բարոյական առումով չեզոք խնդրի մասին կարելի է ասել ամեն ինչ: Շատերը, երեւի, կհամաձայնեն, որ կիսանախագահական համակարգը ներկայիս Հայաստանի համար ամենաօպտիմալն է, եւ այն մոտակա տասնամյակի ընթացքում, իմ կարծիքով, չպիտի փոխվի: Բայց դրա մասին չի խոսվում, որովհետեւ դա բոցաշունչ ճառերի առիթ չի տալիս: Փոխարենը ասվում են տարօրինակ բաներ:

Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանն, օրինակ, մտահոգություն է հայտնում, որ սահմանադրական փոփոխությունները վտանգում են Հայաստանում արդեն իսկ «փխրուն ժողովրդավարությունը»: Պետք է ենթադրել, որ իր՝ արտգործնախարար լինելու ժամանակ ժողովրդավարությունը փխրուն չէր, շատ ամուր էր, եւ այդ ամուր ժողովրդավարության բարձրակետը մարտի 1-ն էր: Այդպիսին է քաղաքականությունը՝ հայաստանյան աշխարհընկալմամբ. «մենք լավն էինք», «բա մեր վախտ էդ ձե՞ւ էր», «այ, որ մենք գանք, էլի լավ կլինի»: Պետք է հստակորեն գիտակցել, որ ամբողջ երկու տասնամյակ էլ «էդ ձեւ է», եւ այս ընթացքի վերաբերյալ ոչ «նախկինները», «ոչ ներկաները» գլուխ գովելու տեղ չունեն:

Եվ քանի որ 20 տարի «մի ձեւ» է, դրանից կարելի է պարզ հետեւություն ունել. քաղաքականությունը չպիտի լինի պայքար հանուն նրա, որ փոխվի առաջին կամ որեւէ այլ դեմքի անուն-ազգանունը՝ դա որեւէ իմաստ, որեւէ նշանակություն չունի: Իսկ ի՞նչն ունի: Նշանակություն ունի միայն Մարդը, Անհատը: Ոչ թե Մարդը պետք է ենթարկվի քաղաքականությանը, հասարակարգին, մշակույթին, այլ դրանք պետք է ենթարկվեն Մարդուն: Դա ձեռնտու չէ ներազգային եւ միջազգային «քրմապետերին», որովհետեւ այդ դեպքում նրանք չեն վերահսկի «ժողովրդական զանգվածներին», չեն հրամայի՝ «գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ»: Մարդիկ սովորել են, որ նրանց ինչ-որ մեկը նման բան ասի: Դրա համար էլ, մասնավորապես, Հայաստանի բնակչության մեծամասնությունը նստած սպասում է «բարի թագավորի» գալստին՝ դարեր շարունակ մարդկանց ուղեղները լվացել են «ազգային փրկչի» գաղափարով:

Երբ մարդիկ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում ընդվզեն նման գաղափարների դեմ, դա կլինի նոր քաղաքականության սկիզբը: Այդ ընդվզման համար պետք չէ որեւէ տեղ փողոցում նստել կամ պառկել: Պարզապես պետք է տեսնել եւ սիրել Մարդուն 7 միլիարդանոց մարդկության ցանկացած ներկայացուցչի մեջ:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Խաչիկ Խաչերեան says:

    Ավտոբուս = հանրակառք, Ռեժիմ = վարչակարգ, ամենաօպտիմալ = ամենանպաստաւոր:
    Ափսոս որ hypocrisy բառը հարազատ հոմանիշ չունի հայերենի մէջ՝: 🙂

  2. Լավատես says:

    Պետություն քաղաքացի հարաբերությունը նույնն է ինչ ծնող երեխա հարաբերությունը։ Պետությունը քաղաքացի է ծնում, նրան պաշտպանում, դաստիարակում ու կերակրում է եւ երբ այդ քաղաքացին չափահաս է դառնում, նա ինքն է պետությունը պաշտպանում, դաստիարակում ու կերակրում։ Եթե պետությունը՝ նախագահը, պատգամավորը, սովորական պետպաշտոնյան, ուսուցիչը, բժիշկը թե գիտնականը իր քաղաքացուն սիրի այնպես ինչպես ծնողն է սիրում իր երեխային, նոր միայն հնարավոր է, որ այդ քաղաքացին չափահաս տարիքում կսիրի, կպաշտպանի, կդաստիարակի ու կկերակրի իր հարազատ պետությունը։ Դրա համար պետական համակարգը պետք է բաղկացած լինի երեք ենթահամակարգերից՝ պաշտպանական, դաստիարակչական ու դրամատնտեսական։ Պետական Անվտանգության համակարգը պետք է հետեւի այդ երեք ենթահամակարգերի ռազմավարական ինքնաբավության սկզբունքի խստագուն իրագործմանը,այսինքն՝ ռազմավարական արժեքների աղբյուրը պետք է գտնվի մեր պետության ազդեցության տարածքում ու մեր քաղաքացիների ձեռքում։

  3. Արսեն says:

    Եթե Ա. Աբրահամյանը լիներ քաղաքական գործիչ, նրա այս «ելույթը» կորակվեր՝ պոպիլիզմի փայլուն նմուշ։ Ոչ մի վերահսկողությսն և պատասխանատվության մեխանիզմ չկա։ Գործ ունենք անչափելի մեծության՝ սիրո հետ, որը թույլ է տալիս հասկացությունը մանիպուլյացիայի ենթարկել՝ ինչպես հեղինակը կցանկանա։ Քանի չունեք «սիրո» էտալոնաին չափանմուշ, «սիրոմետր» սարքի գծագրերը և աշխատանքի հիմնավորումը, ինչպես նաև՝ կալիբրովկայի ենթարկված «սիրաչափերի» բավարար քանակություն, «սերը» որպես համակարգի պարամետր՝ շահագործելի չէ։
    Եթե ես ասեմ՝ «ես եմ այն մարդը, որը ամենաշատն է սիրում մարդկությանը՝ հետևաբար՝ քանի որ, ընտրության չափանիշը սերն է, ես պետք է ղեկավարեմ մարդկությանը»՝… ինչպես եք ապացուցելու, որ սխալվում եմ? «Սիրամետր» ունեք?..))))…
    (Բավական է հիշել, որ «Սովետական ժողովրդին» մինչև հիմա ամենալավը և ամենաշատը «սիրել» է ՀԱՅՐ ՍՏԱԼԻՆԸ… Ւսկ Հայաստանը հիմա «սիրում» են ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ..))).. Սատված փրկի ՄԱՐԿՈՒԹՅՈՒՆԱՍԵՐՆԵՐԻՑ…)))..)
    Եթե նկատի ունեք «Եվրոպական արժեքները», ապա հիմքը ամենևին էլ սերը չէ։ Երկրորդ համախարահայինից հետո՝ Եվրպան ամենօրյա ռեժիմով լուծում է մեկ հարց՝ Ինպես բացառել նոր Հիտլերանմանի առաջացումը Եվրոպայի տարածքում։ (Նա, իմիջայլոց, չափազանց ՍԻՐՈՒՄ ԷՐ գերմանական ժողովրդին..)))..)։ Սոցիալական սիստեմի հիմքը՝ նույնպես սերը չէ… (տնային աշխատանք՝ Ա. Աբրահմյանին՝ փորձեք հասկանալ. «Ինչու է անհրաժեշտ կերակրել բոլոր այն մարդկանց, որոնք ինչ որ պատճառով, ինքնուրույաբար սեփական հարցերը լուծել չեն կարողանում»)…
    Մեխանիզմներ տվեք, ոչ թե զգացմունքներ շահագործեք…

    Ւսկ ավտոբուսի դեպքի համար, ճապոնացին ինքնասպան կլիներ (հիշենք՝ վերջերս վթարի ենթարկված ատոմակայանի դեպքերը), Եվրոպայում՝ ավտոբուսի մնացած մասերը կքանդեի մինչև վերջին դետալը, դետալները՝ հատ-հատ անալիցի կենթարկեին, կուսումնասիրեին վարոդների առողջական և հոգեբանական վիճակը ղեկին եղած ժամանակ, ճանապարհի վիճակը… կգտնեի պատասխանատուներին… որից հետո տեղի է ունենում մի շատ դաժան փուլ՝ բոլոր պատասխանատուներին՝ «արի հլա ասեմ, արա…»..)))).. տարբերակով…(ֆինանսական և քրեական պատասխանատվություն)…
    Ինչ կլինի Հայաստանում? Ոչինչ… Մի երկու թերթ «սիրառատ-լացակումաց» հոդված կգրեն… մինչև հաջորդ վթարը… Մեխանիզմեր չկան, բոլորը անընդհատ միայն ՍԻՐՈՒՄ ԵՆ…)))… Աստված ձեզ պահապան..)))…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30