Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին հաջողվե՞լ է համաձայնություններ ձեռք բերել Թբիլիսիի հետ

Նոյեմբեր 04,2015 14:45

«Հայ-վրացական հարաբերությունները թեւակոխել են որակական նոր փուլ»

Հոկտեմբերի 30-ին եւ 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով Վրաստանում էր։ Վրացական ԶԼՄ-ները դեռ այցից մեկ օր առաջ հնարավոր էին համարում, որ Սերժ Սարգսյանը Թբիլիսիում քննարկելու է իրանական գազը Վրաստան հասցնելու տարածաշրջանային նախագծին Հայաստանի մասնակցության հարցը։ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն վերջերս հայտարարել էր, որ նոյեմբերի կեսին մեկնելու է Իրան՝ քննարկելու Վրաստան իրանական գազամատակարարումների հարցը, իսկ ԶԼՄ-ները տեւական ժամանակ է, ինչ քննարկում են տարբերակը, որ իրանական գազը Վրաստան կարող է հասնել Հայաստանի տարածքով։

Այսպես, աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Սերժ Սարգսյանը Թբիլիսիում նախ հանդիպել էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Նրանք երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխշահավետ նախագծերի իրականացման համար կարեւորել էին ինտեգրացիոն տարբեր գործընթացների շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի շարունակական համագործակցությունը:

Հանդիպման արդյունքներն ամփոփելիս ԶԼՄ-ների առջեւ համատեղ հայտարարություններով հանդես գալով՝ Սերժ Սարգսյանը ընդգծել էր, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել եւ թեւակոխել են որակական նոր փուլ, եւ որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն իրականացվում է լիակատար փոխվստահության պայմաններում: «Հավատացած եմ, որ մեր երկրների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն կառույցներում ոչ միայն չեն խոչընդոտում, այլեւ ավելացնում են մեր համակողմանի համագործակցության հնարավորությունները` նոր հորիզոններ ուրվագծելով երկկողմ եւ բազմակողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար: Մենք անցյալ անգամ նույն այս դահլիճում պարոն նախագահի հետ խոսում էինք այն մասին, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը եւ Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասաբար չեն անդրադառնա մեր տնտեսական հարաբերությունների վրա, այլ միայն դրական ազդեցություն կունենան: Եվ հիմա ուրախ եմ փաստելու, որ 2014թ. մեր առեւտրաշրջանառությունն ավելացել է, եւ նույն միտումը կա 2015թ. ինն ամիսների արդյունքով»:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ հանդիպմանը կողմերը համակարծիք էին եղել, որ Հայաստանի եւ Վրաստանի զարգացումը, երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցությունը մեծապես պայմանավորված են հայ-վրացական սերտ համագործակցությամբ եւ հարաբերությունների ամրապնդմամբ: Սերժ Սարգսյանը եւ Դավիթ Ուսուպաշվիլին կարեւորել էին բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ, փոխգործակցության զարգացումը: «Զրուցակիցները կարեւորել են երկու պետությունների կողմից միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի ու խնդիրների նկատմամբ հավասարակշիռ, շրջահայաց եւ նրբանկատ վերաբերմունքն ու փոխադարձ շահերի հարգումը: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Վրաստանի դերը տարածաշրջանի անվտանգության եւ կայունության պահպանման գործում»,- նշվել էր նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունում:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը երկուստեք կարեւորվել էր տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում` էներգետիկ ծրագրերի իրականացումը, որոնք, Ս. Սարգսյանի եւ Ի. Ղարիբաշվիլիի համոզմամբ, զգալիորեն կխթանեն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը, կնպաստեն առեւտրաշրջանառության ծավալների աճին: Անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը` Ս. Սարգսյանն ու Ի. Ղարիբաշվիլին մատնանշել էին դրանց փոխլրացնող բնույթը եւ ենթակառուցվածքային ծրագրերի փոխկապակցման կարեւորությունը:

Հոկտեմբերի 31-ին Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը ներկա էին գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եկեղեցու վերականգնման ծրագրի դոնորների, բազմաթիվ հյուրերի եւ Վիրահայոց թեմի հավատացյալների մասնակցությամբ Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի` հայկական Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Արարողությանը ներկա է եղել նաեւ Եկեղեցու բարերար, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը եկեղեցաշեն մյուս բարերարների հետ Վեհափառ Հայրապետի կողմից պարգեւատրվել էր Հայ Առաքելական եկեղեցու բարձր պարգեւներով: Եկեղեցու վերականգնման աշխատանքներում ներգրավվել են ինչպես հայ, այնպես էլ վրացի մասնագետներ՝ ճարտարապետ-վերականգնող Անատոլի Սոլոմնիշվիլին (ով նաեւ Հավլաբարի XVIIIդ. Սուրբ Էջմիածին եկեղեցու վերականգնման նախագծերի հեղինակն է), վերականգնող-շինարար Զուրաբ Գաչեչիլաձեն, ՀՀ մշակույթի նախարարության ավագ ռեստավրատոր, Կոթողային գեղանկարչության վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը, Վրաստանի Ինժեներական ակադեմիայի Տեխնիկական փորձաքննության բաժնի վարիչ Օթար Չակվետաձեն, ինչպես նաեւ մասնագետներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եւ Մատենադարանից:

Հայաստանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի ու գործի

Անցյալ շաբաթ հայ-վրացական բանակցություններում կարեւոր էր արձանագրումը, որ տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում` էներգետիկ ծրագրերի իրականացումը զգալիորեն կխթանեն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը, կնպաստեն առեւտրաշրջանառության ծավալների աճին: Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել անցած օրերին Թբիլիսիում` հայտնի չէ:

Այն, որ իրանական գազի տարանցումը Հայաստանի համար նպաստավոր կլինի՝ պարզ է, բայց արդյոք դրան կհամաձայնի՞ Ռուսաստանը:

Վրաստանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Ս. Սարգսյանի թբիլիսյան հանդիպումներում քննարկվել են ոչ միայն առկա ծրագրերի, այլեւ հեռանկարային էներգետիկ համատեղ նախագծերի իրագործման հարցեր: Հայաստան-Վրաստան 4-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ընթացքի մեջ է, եթե 2017-ին ավարտվի, երկու երկրները կարող են դուրս գալ ռուսաստանյան էներգետիկ շուկա: Այսինքն` ռուս-իրանական, Վրաստան-Ռուսաստան-Իրան հնարավոր բանակցություններում նաեւ Հայաստանի շահը կարող է ի հայտ գալ:

Չի բացառվում, որ Սարգսյան-Ղարիբաշվիլի հանդիպման քննարկման թեմաներից մեկը լինի նաեւ Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գիծը, որը Իրանին հնարավորություն կընձեռի Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով դուրս գալ ինչպես վրացական, այնպես էլ ռուսական շուկա:

Թե Իրանի, թե Վրաստանի ազդեցության մեծացմանը զուգահեռ` Հայաստանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի տարածաշրջանային նոր հնարավորություններից օգտվելու առումով, որովհետեւ Իրանը ուղիներ է փնտրում դեպի Եվրոպա: Եվրոպային մատակարարվելիք իրանական գազի` Հայաստանի տարածքով տեղափոխելու հնարավորությունների մասին առայժմ միայն մեկնաբանություններ են հնչում:

Մինչդեռ Թեհրանն առաջին քայլերն է իրականացնում իր նավթն ու գազը արտահանելու ուղղությամբ: Պաշտոնական Թեհրանի կողմից արդեն բազմիցս նշվել է, որ նրանք հավանական են համարում իրանական գազի տարանցումը դեպի Եվրոպա, իսկ իրանական գազը դեպի Եվրոպա տարանցելու երկու ուղի կա` թուրքական եւ հայ-վրացական:
Կկարողանա՞ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող Հայաստանը տնտեսական շահավետ համաձայնություններ ձեռք բերել Թբիլիսիի հետ:

Ակնհայտ է, որ հայ-վրացական համատեղ էներգետիկ ծրագրերի իրականացման դեպքում երկու հարեւան պետություններն իսկապես տնտեսական լուրջ հաջողություններ կարձանագրեն:

Մյուս կողմից՝ Վրաստանն է շարունակում կապույտ վառելիքի շուկայի դիվերսիֆիկացման ուղիներ փնտրել: «Գազպրոմ»-ի հետ բանակցություններ են մեկնարկել` ամենայն հավանականությամբ, վրացական շուկայում Ադրբեջանի պետական նավթային ընկերության մենաշնորհին վերջ տալու նպատակով: Վրաստանի կառավարությունը բանակցում է ռուսական «Գազպրոմ»-ի հետ` միաժամանակ քննարկելով իրանական գազի ներմուծման հեռանկարները: Վերջերս «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ անցկացված բանակցություններից հետո Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն նշել էր. «Այս պահին «Գազպրոմ»-ի հետ ձեռք բերված որեւէ պայմանավորվածություն դեռ չկա: Վրացական կողմը փորձում է, որպեսզի համաձայնությունը կայացվի մեզ համար առավելագույն շահավետ պայմաններով»:

Վրաստանի էներգետիկայի նախարարը նաեւ հավելել էր. «Մեզ գազի հավելյալ ծավալներ են անհրաժեշտ, որոնք Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ի վիճակի չէ ապահովել: Ես նոյեմբերի կեսին կմեկնեմ Թեհրան: Իրանը, վերջին զարգացումները հաշվի առնելով, շատ հեռանկարային շուկա է, այդ երկրի նկատմամբ նոր մոտեցումներ են ի հայտ գալիս, եւ հաշվի առնելով Վրաստանի աշխարհագրական, աշխարհաքաղաքական դիրքը՝ մենք պետք է փորձենք առավելագույն կերպով օգտագործել իրանական ռեսուրսները»:

Ուշագրավ ցուցանիշներ

Հայաստանը Վրաստանի տասը հիմնական առեւտրական գործընկերների թվում է՝ ասվում է վերջերս Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տարածած նյութերում: Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը Վրաստանի հետ 32,5%-ով կրճատվել է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ կազմելով 269 միլիոն դոլար։ Վրաստանից Հայաստան արտահանման ծավալը կազմել է 143,4 միլիոն դոլար (Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 8,7%-ը) նշված ժամանակահատվածում՝ 2014-ի համանման ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 36,2%-ով։ Հայաստանի տարածքից ներմուծման ծավալը կազմել է ավելի քան 125,1 միլիոն դոլար կամ Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 2,2%-ը, ինչը 28%-ով պակաս է 2014-ի հունվար-սեպտեմբերի նույն ժամանակաշրջանի համեմատ: Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, հունվար-սեպտեմբերին Հայաստանին բաժին է ընկել Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառության ընդամենը 3,7%-ը։

Մեկ այլ ուշագրավ տեղեկություն: 2015թ. հուլիսին Վրաստան այցելությունների թվով առաջատարը Հայաստանի քաղաքացիներն են եղել: Ինչպես հաղորդել էր վրացական «Գրուզիա օնլայնը»` վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնի տվյալները, հուլիսին Հայաստանից Վրաստան է այցելել 180,099 մարդ, ինչը 11,9%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Երկրորդ տեղում Ադրբեջանից այցելածներն են` 160,285 մարդ (աճը կազմել է 7,9%): Վրաստան այցելուների թվով երրորդ տեղում Թուրքիան է. հուլիսին Վրաստան է այցելել Թուրքիայի 152,178 քաղաքացի, ինչը 12%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Թուրքիային հաջորդում է Ռուսաստանը. այս երկրի 140,390 քաղաքացի է հուլիսին այցելել Վրաստան: Սա նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գերազանցում է 6,6%-ով:

Իսկ Վրաստանի զբոսաշրջության ազգային դեպարտամենտի տվյալներով՝ ընդհանուր առմամբ այս տարվա ամռանը Վրաստան է այցելել 512 հազար ՀՀ քաղաքացի, ինչը 21.5%-ով գերազանցում է անցած տարվա համապատասխան ցուցանիշը: Հունիսին Վրաստան է այցելել մոտ 111.8 հազար, հուլիսին՝ 180 հազար, օգոստոսին՝ 220.1 հազար ՀՀ քաղաքացի: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 464.3 հազար, երրորդ տեղում՝ Թուրքիան՝ 435.4 հազար զբոսաշրջիկ։ Ռուսաստանը չորրորդ տեղում է՝ 389.9 հազար զբոսաշրջիկով: Նրան հաջորդում է Ուկրաինան՝ 51.4 հազար այցելու: Ընդհանուր առմամբ 2015թ. 8 ամիսներին Վրաստան է այցելել 3.92 մլն զբոսաշրջիկ, ինչը 5.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարները` Հայաստանի եւ Վրաստանի նախագահների
պաշտոնական կայք-էջերից

«Առավոտ» օրաթերթ
03.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30