Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ազդարարեց Հայաստանի՝ «Doing Business 2016» զեկույցում առաջընթացի մասին: Կառավարության ղեկավարն իր նախորդի՝ Տիգրան Սարգսյանի պես հորդորեց էկոնոմիկայի նախարարին լրատվամիջոցներով տարածել այդ բարի լուրը:
Զեկույցում Հայաստանի գրաված դիրքի ու թե այն ինչ կտա մեր տնտեսությանը եւ այլ հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանի հետ
– Պարոն Ավագյան, «Doing Business 2016» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 3 կետով բարելավել է դիրքերը՝ 35-րդ տեղում է: Դուք սա առաջընթաց համարո՞ւմ եք, արդյոք Հայաստանի տնտեսության զարգացման վրա այդ ցուցանիշն ինչ-որ կերպ կազդի՞:
– Որպես ցուցանիշի բարելավում՝ այո, իհարկե, առաջընթաց է, բայց այդ ցուցանիշն արդյո՞ք իրական տնտեսության պատկերն է արտացոլում, ցավոք՝ ոչ: Այդ ցուցանիշները ձեւավորվում են հիմնականում կոնկրետ որոշակի օրենսդրական բարեփոխումների արդյունքում: Օրինակ՝ նախկինում մեր երկիրն իր դիրքերը բարելավեց, երբ փոփոխություն կատարվեց էլեկտրաէներգիայի ցանցին միացման կարգերում, կրճատվեց այդ ժամանակը եւ այլն: Բայց իրական կյանքում՝ հենց մեր ասոցիացիայի անդամ հանդիսացող պահածոյի սկսնակ գործարանը հոսանքի ցանցին միացվեց սահմանված ժամկետից 8 ամիս ուշ, պատկերացնում եք, չէ՞, այդ բիզնեսն ինչ կորուստներ ունեցավ՝ վարկերի տոկոսներ, բաց թողնված սեզոն, եկամուտ եւ միանգամից մի քանի տարով հետ ընկավ: Հիմա բնական է, որ այդ գործարարին չեն հետաքրքրում ինչ-որ ցուցանիշներ, նա արդեն խորը հիասթափություն է ապրում. այ, սա իրական կյանքն է եւ իրական ցուցանիշը: Կամ՝ ԵՏՄ օրենսդրության կարգավորումներով պայմանավորված, այդ երկրներից ներմուծում կատարելիս այլեւս մաքսային մարմիններին ներկայացվելիք փաստաթղթերի փոխարեն՝ բիզնեսն ավելի հեշտացված կարգով ներկայացնում է իր տարածքային մարմին եւ հայտարարագրում: Եվս մեկ օրենսդրական բարեփոխում, որը նույնպես կարող է ազդեցություն ունենալ դրական ցուցանիշ վաստակելու համար: Ըստ այդ սահմանված կարգի՝ ներմուծման հայտարարության ներկայացումից 10 օրվա ընթացքում բիզնեսը պետք է պատասխան ստանա, մենք կոնկրետ դեպքով ականատես եղանք 2 ամիս տեւած քաշքշուկի. այս, սա իրական կյանքն ու ցուցանիշն է: Ես ոչ մի անգամ չեմ հերքում, որ մենք ունենք գործարարությանը վերաբերող լավ, լիբերալ իրավական ակտեր, որոնք կարող են արժանանալ միջազգային կառույցների բարեհաճությանը, բայց մեր բիզնես միջավայրը լուրջ խնդիր ունի այդ օրենքների կիրառության հետ, թե՝ ով կամ երբ բարեհաճ կգտնվի այդ օրենքները կիրառել առանց կամայականություն ցուցաբերելու՝ առանց իմ ու քոնն անելու: Դրա համար պետք են հակակշիռներ, որպեսզի պետական մարմինները անկարող լինեն կամայականություն դրսեւորելու, միգուցե այդ դեպքում այս տեսակ ցուցանիշները մոտ լինեն իրական բիզնես միջավայրի ցուցանիշներին:
Կարդացեք նաև
– Վարչապետն ու էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հավաստիացրել են, որ «Doing Business 2016» զեկույցում 35-րդ տեղը գրավելը դրսից ներդրումներ բերելու համար լավ առիթ է ու հիմք: Համամի՞տ եք այս կարծիքի հետ:
– Իմ կարծիքով՝ այդ տեսակ ցուցանիշները կարող են ազդեցություն ունենալ աշխարհի մյուս ծայրում գտնվող այնպիսի մարդկանց վրա, որոնք քարտեզի վրա առաջին անգամ փորձում են գտնել Հայաստանի տեղը: Որպես պոտենցիալ առաջնային ներդնողներ՝ ես համարում եմ մեր սփյուռքի հայրենակիցներին, որոնք առանց այդ ցուցանիշների 3 կամ 5 տարին մեկ անգամ գալիս են հայրենիք, հարցուփորձ են անում, քայլում են մեր երկրի փողոցներով, իմանում են, թե այս կամ այն նոր կառուցված օբյեկտը կամ բիզնեսը որ պաշտոնյայի բարեկամինն է, մի ընկերոջ փակված եւ երկիրը լքած լինելու պատճառներն են իմանում եւ նորից հեռանում: Հաջորդ անգամ հնարավոր ներդրում իրենց հայրենիքում անելու մտքին նրանք ավելի ու ավելի դժվար են հետ գալիս:
– Զեկույցում ասում են, որ նոր օրենքի համաձայն՝ որեւէ գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում: Չե՞ք կարծում, որ սա աչքկապոցի է, քանի որ մեր երկրում դատական համակարգը, տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականներով, ամենակոռումպացված ոլորտներից է:
– Դատական համակարգի գնահատականները թողնենք իրավաբաններին, բայց աքսիոմատիկ բնութագրիչների դեմ ոչ մի ցուցանիշներ չեն կարող հակադարձել: Երկիրը կառավարող երեք իշխանությունները՝ օրենսդիր, գործադիր, դատական, պետք է գործեն իրարից անկախ եւ վերահսկեն մեկը մյուսին, այդ դեպքում կունենանք բալանս, որը հիմա չունենք, հիմա առկա է կենտրոնացում: Նորից եմ կրկնում՝ ցանկացած համակարգում պետք է լինեն հակակշիռներ, օրինակ՝ դատարաններում հայտնվի «Երդվյալ ատենակալների» ինստիտուտը, որոնք, ինչպես գիտեք, ընտրվում են սովորական քաղաքացիներից եւ հանդիսանում են որոշակի հակազդող ուժ դատավորների համար:
– Զեկույցում որեւէ խոսք չկա Հայաստանում անհավասար մրցակցային պայմանների, մենաշնորհների մասին: «Doing Business 2016» զեկույցն արտացոլում է բիզնես գրանցելու դյուրինությունը, սակայն մի՞թե միայն գրանցելով կարելի է համարել, որ մեր երկրում ամեն ինչ լավ է ու հեշտ: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելը դյուրի՞ն է:
– Այո, բիզնեսի գրանցումը, էլեկտրոնային հաշվետվությունները եւ այլ համակարգերի ներդրումն, ինչ խոսք, հեշտացրել են այդ պրոցեդուրաները: Բայց պետք չի «գլուխ գովալ» այդ համակարգերի ներդրումով: Մենք այդ համակարգերը ներդնում ենք 21-րդ դարում, իսկ դրանով ոչ ոքի չես զարմացնի, նորմալ է, պետք է ներդնեինք: Բիզնեսով զբաղվելու մասին իրական կյանքի օրինակներ ես արդեն բերեցի ձեզ, թե ըստ «Doing Business»-ի ցուցանիշների վրա դրական ազդեցություն ունեցող օրենսդրական փոփոխություններն ինչպես են ազդում առօրյա կյանքում դրանցից օգտվող գործարարի վրա, եւ ինչ կորուստներ են նրանք այսօր արձանագրում: Ես այսօր նույնիսկ դժվարանում եմ ասել, թե մեր երկրում որ ոլորտում կարելի է գործունեություն ծավալել, որպեսզի զերծ մնանք անօրինություններից: Եթե նախկինում ասում էինք, որ մարդկային մտքի, նորարարության հետ կապ ունեցող արտադրության, ծառայությունների մատուցման ոլորտներում գործարարն իրեն ավելի պաշտպանված է զգում, ապա այսօր դրանից էլ ենք վախենում: Օրինակ՝ հաշվապահական, իրավաբանական, խորհրդատվական, գովազդային ոլորտներում էլ ենք արդեն ականատես լինում պետական հովանավորչական ընկերությունների ի հայտ գալու: Որոշ չափով մնացել են ՏՏ ոլորտն ու արդյունաբերական, գյուղատնտեսության նորարարությունները, վերջիններս էլ լուրջ խնդիր ունեն ներքին շուկայում հայտնվելու, պետական գնումներից անհասանելի լինելու հարցում: Իսկ մանրածախ առեւտրի ոլորտը ամենաուղղակի հարվածի տակ է մոնոպոլիաների, օրենքների կիրառության անօրինությունների:
– Վերջին մեկ տարում, ըստ Հայաստանի գործատուների միության, 18 հազար փոքր ու միջին ձեռնարկություն է փակվել՝ տարբեր պատճառներով. «Doing Business 2016» զեկույցում ՀՀ-ի առաջընթացը ի՞նչ կտա մեր տնտեսության համար այդքան կարեւոր ՓՄՁ ոլորտին:
– Չեմ ցանկանում հենվել ձեր ասած թվի վրա, ինձ հայտնի է այդ թիվը տարածող անհասկանալի աղբյուրը, կոնկրետ ՓՄՁ-ներին վերաբերող իրական վիճակագրության մասին տեղեկատվությանը տիրապետում են հարկային մարմինները, որոնցից դեռ սպասում ենք տվյալների: Իսկ նույն զեկույցի՝ ՓՄՁ-ներին վերաբերող տեղեկությունը տեղադրված է հենց էկոնոմիկայի նախարարության կայքում, որտեղ նշված է, որ «Փոքր ներդրողների պաշտպանություն» դիրքը հետընթաց է արձանագրել 3 կետով` 46-րդ տեղից իջնելով 49-րդ տեղը: Հետընթացն արձանագրվել է ինչպես մեթոդաբանական փոփոխությունների հաշվին, այնպես էլ այլ երկրների հետ համեմատության արդյունքում: Այստեղ էլ խնդիրը շատ պարզ է. ո՞ւր է այն երաշխիք հանդիսացող անկախ մեխանիզմը, որը պետք է ամեն օր, ամեն հարցի համար կանգնած լինի բիզնեսի կողքին: Այսօր մենք բազմաթիվ զանգեր, բողոքներ ենք ստանում փոքր բիզնեսից, մեկը բողոքում է հարկային մարմիններից, մյուսը՝ մաքսայինից, այն մեկը՝ քաղաքապետարանից, մյուսը՝ հարկադիրից, մարզպետարանից եւ այլն: Բայց այս ամեն մի բողոք իր հետեւից բերում է հիասթափություն, իշխանության նկատմամբ վստահության անկում, սա բիզնեսի ամենաանպաշտպան խավն է: Մեզ պետք է հեղափոխական քայլեր անել, հանգիստ թողնենք ցուցանիշների հետեւից ընկնելը, գնանք կանգնենք բիզնեսի կողքին, ստեղծենք անկախ գործող գործարար շահերի պաշտպանության մեխանիզմներ, որոնք ամեն մի խնդրի հետեւից կգնան, ամեն փակվող բիզնեսի խնդրով կզբաղվեն, խնդիրը կներկայացնեն կառավարության ղեկավարին, կլինեն իրական առողջ բանավեճեր, հակադարձ կարծիքների արդյունքում կձեւավորվի ավելի քաղաքակիրթ բիզնես միջավայր: Հակառակ դեպքում՝ այսպես կշարունակենք ուրախանալ ինչ-որ ցուցանիշներով, պետական մարմինները վարչապետին սիրուն ցուցանիշներ կներկայացնեն, հակառակ կարծիք չեն լսի, եւ այսպես ինքներս մեզ խաբելով գնում ենք դեպի անհայտություն:
Զրուցեց ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.11..2015