Լրահոս
Օրվա լրահոսը

Սիթիից «գողացված» ապրանքը 1000-1250 դրամ էր կազմում

Նոյեմբեր 04,2015 14:30

Սակայն հետաքննիչները նշել են 6500 դրամ, որպեսզի զգալի չափը հիմնավորվի

Ամբաստանյալներ Աննա Մեսրոպյանի եւ Լիլիթ Սարգսյանի քրեական գործը փոխանցվել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Աննա Ջուվանովայից մեկ այլ փաստաբանի՝ Արթուր Ալիխանյանին: Նա ներգրավվել է սույն գործով դատաքննության փուլում:

Իսկ մյուս ամբաստանյալի՝ Ալիսա Հակոբյանի շահերի պաշտպանն էր Գարիկ Գալիկյանը:
Աղջիկները մեղադրվել են նախնական համաձայնությամբ «Երեւան-Սիթիից» կատարած գողությունների եւ գողության փորձի համար:

Երեկ «Առավոտին» պաշտպանական կողմը տեղեկացրեց, որ Աննա Մեսրոպյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 5 դրվագով եւ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 1 դրվագով, իսկ Լիլիթ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 6 դրվագով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ: Նախաքննության ընթացքում աղջիկներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, սակայն դատարանում դիրքորոշում չեն հայտնել իրենց մեղավորության մասին:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Արթուր Ալիխանյանը հոկտեմբերի 22-ի իր պաշտպանական ճառի ժամանակ հայտնեց հետեւյալը.

«Մեղադրանքի կողմը որեւէ ապացույց դատարանին չներկայացրեց, որով կհիմնավորվեր, որ իմ պաշտպանյալները մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարել են (6 դրվագ) գողություն եւ (1 դրվագ) գողության փորձ»:

Փաստաբանը մեջբերեց ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հատվածներ, թե որն է համարվում գողություն եւ որն է համարվում «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ» կատարված:
Ըստ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ կետի՝ «զգալի չափ է համարվում հանցագործության պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից-հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը)»:

Ա. Ալիխանյանը պաշտպանական ճառի ժամանակ հայտնել էր, որ քրեական գործում առկա 23.06.2015 թվականի 391-ԱՊ-14 դատաապրանքագիտական եզրակացության հետազոտության մեջ նշված որեւէ ապրանքի գին 5000 ՀՀ դրամը չի գերազանցում. «Բացի այդ, «Երեւան-Սիթի» սուպերմարկետի կողմից ներկայացված տեսաձայնագրության մեջ որեւէ ապացույց չկար, որում կերեւար, որ իմ պաշտպանյալներն այդտեղից գողություն են արել կամ նրանց մոտ հայտնաբերված ապրանքներն իրենց խանութի ապրանքներից են: Տուժողների կողմից ներկայացված ապրանքների ցուցակում նշված ապրանքատեսակների գները 1000-1250 դրամ էր կազմում, սակայն նշել էին նախաքննության ընթացքում 6500 դրամ, որպեսզի զգալի չափը հիմնավորվի: Պաշտպանիս հարցին տուժողը հայտնեց, որ՝ տղաներն են ասել գրի 6500 դրամ, սակայն իրական արժեքն այդ ապրանքի 1250 դրամ էր կազմում, այսինքն՝ հետաքննիչները հանդես են եկել նաեւ որպես փորձագետներ: Որեւէ դրվագով չի հիմնավորվում զգալի չափի առկայությունը՝ հետեւաբար, հանցակազմը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի բացակայում է»:

Պաշտպանը մեկ այլ բացահայտում էլ արեց: Մեղադրական եզրակացության մեջ նշված էր «ՓինԵյփլ» կանացի վերնազգեստ, սակայն իրեղեն ապացույցը, երբ որ հետազոտվել է՝ վրան առկա է եղել «Բուք» պիտակը, այսինքն, ըստ պաշտպանի, «Դա նույն ապրանքը չէր, որն իբրեւ թե գողացվել է, բացի այդ՝ այդ խանութի տերը դատարանում ցուցմունք տվեց, որ՝ ապրանքը քաշով են վաճառել եւ յուրաքանչյուրը միակն է եւ նույն ապրանքից երկրորդ կրկնվողը չկա, իսկ մեղադրանքում նման բան նշված չէ»:
Պաշտպանական կողմն ուշադրություն է հրավիրել ընթերակաների գործունեությանը: Եղել են երկու ընթերականեր՝ Ալբերտ Վիրաբյանը եւ Արամ Մաղաքյանը: Նրանք մասնակցել են 01.05. 2014 թվականի դեպքի վայրի զննությանը, որը սկսվել է ժամը 12.20 րոպեին եւ ավարտվել է ժամը 14.25 րոպեին՝ Տիգրան Մեծի փողոցում: Ա. Ալիխանյանն ասում է, որ այս նույն ընթերակաները նույն օրը՝ 01.05.2014 թվականի, «ավելի ճիշտ հայտնվել են» Նոր Նորքի բաժնի բակում 10 րոպե անց: «Հարց է ծագում, այդ ինչպե՞ս հայտնվեցին 10 րոպեում Տիգրան Մեծի փողոցից Նոր Նորքի բաժնի բակում, այսինքն՝ ընթերակաները ներկա չեն եղել կամ քննիչն արձանագրությունը հետո է կազմել, հետեւաբար, դատավարական նորմի էական խախտմամբ ձեռք բերված նյութերը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի՝ անթույլատրելի ապացույց պետք է ճանաչվեն»,- ասում է պաշտպանը:

Դատարանում պաշտպանական կողմը հիմնավորեց, որ նախաքննական մարմինը թերի, կողմնակալ, ոչ օբյեկտիվ քննություն է կատարել:

Պաշտպանները միջնորդել են կայացնել արդարացման դատավճիռ` հռչակելով եւ ճանաչելով նրանց անմեղությունը:

Հոկտեմբերի 27-ին դատավոր Դավիթ Հարությունյանի դատավճռով Աննա Մեսրոպյանի, Լիլիթ Սարգսյանի եւ Ալիսա Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հռչակվել եւ ճանաչվել է նրանց անմեղությունը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30