Համերգի կազմակերպիչներն աստղային հրավառություն են խոստանում
2016-ի ապրիլի 26-ին «Perfetto-2016» համաշխարհային համերգաշարի շրջանակում Երեւանի Մարզահամերգային համալիրում կկայանա իտալացի լեգենդար երգիչ եւ կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի համերգը: Trident Music, Global Communications եւ FORPOSTART PRODUCTION ընկերությունները ջանում եմ, որ այն լինի հավուր պատշաճի: Շերի, Թինա Թյորների, Ադրիանո Չելենտանոյի, Լուչիանո Պավարոտիի, Ռիկի Մարտինի եւ այլ աստղերի հետ զուգերգով հանդես եկած Ռամազոտին Հայաստան կժամանի սեփական ինքնաթիռով, անձնական խոհարարի ու բազմամարդ սպասարկող անձնակազմի հետ:
Համերգի կազմակերպիչներից FORPOSTART PRODUCTION ընկերության հիմնադիր Զառա Մխեյանը «Առավոտին» վստահեցրեց, որ նման համերգ դեռ Հայաստանը չի տեսել: Իմիջիայլոց, FORPOSTART PRODUCTION եւ SHOWTICKET ընկերությունները, որ միավորվել են, իրականացնելու են նաեւ տոմսերի առցանց վաճառք:
Զառա Մխեյանը տեղեկացրեց, որ երբ Էրոս Ռամազոտիի՝ ԱՊՀ-ի պրոումոթերը դիմել է իրենց՝ Երեւանում համերգի հարցով, իրենք անմիջապես համաձայնել են: «Գիտեմ, որ Հայաստանում Ռամազոտիին շատ են սիրում, եւ պետք է հենց նման երգիչների հրավիրել: Համապատասխան սոցհարցում չենք արել, միշտ էլ զգացողությամբ ենք առաջնորդվել: Հավելեմ, որ Էրոս Ռամազոտիի միջազգային ողջ համերգաշարի ընացքում իրեն ուղեկցում է 8 հատ 20 տոննանոց մեքենա: Դրանք նաեւ Հայաստանում կլինեն: Ամբողջ համալիրը վերափոխվելու է, դահլիճը ոչ ոք չի ճանաչելու, որովհետեւ այդ 160 տոննայի մեջ մտնում է պտտվող բեմը, LED էկրանները, լուսաձայնային սարքավորումները: Իմիջիայլոց, ավանդույթի համաձայն՝ համերգասրահի առաջին-երկրորդ սեկտորները վատ տեղերն են համարվում: Նման բան չի լինելու Ռամազոտիի համերգի ժամանակ: Այդ հատվածում նստած ունկնդիրը ամենամոտիկից է տեսնելու ու լսելու նրան»,- նշեց FORPOSTART PRODUCTION-ի հիմնադիրը: Նա նաեւ հավելեց, որ նման տրամաչափի երգչին հրավիրելը պատասխանատու աշխատանք է, արտիստն էլ հետաքրքիր ռայդեր (պահանջներն ու պայմաններն ամփոփող փաստաթուղթ) է ուղարկել: Բացի նրանից, որ Ռամազոտիի հետ եւս մարդիկ են ժամանելու, Հայաստանից եւս 56 հոգի կմիանա՝ անհրաժեշտ են ինժեներներ, տեխնոլոգներ, կոնստրուկտորներ: Զառա Մխեյանն ասաց, որ լավագույն մասնագետների հետ պայմանագրեր կկնքվեն:
Կարդացեք նաև
«Ռամազոտին պահանջել է հատուկ սենյակ, հատուկ դիզայնով ու գույներով, որպեսզի համերգից առաջ մեդիտացիա անի: Նրա դիմահարդարման սենյակի կողքին պետք է մարզասարքերով դահլիճ լինի: Շնորհակալ են համալիրի ղեկավարությանը եւ հատկապես Վազգեն Ասատրյանին, որը համալիրը վերափոխելու աշխատանքներ է նախաձեռնել: Իմիջիայլոց, Վրաստանում Ռամազոտիի ներկայացուցիչները չեն ցանկացել համերգ դնել՝ հաշվի առնելով կազմակերպիչների ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքը: Ինչ վերաբերում է երեւանյան համերգին, այն բաղկացած է լինելու երկու բաժնից, մի բաժնում հայաստանցիները կվայելեն հին սիրված հիթերը, մյուսում կներկայանա նոր Ռամազոտին: Տոմսերը՝ սկսած 8000 դրամից, արդեն կարելի է ձեռք բերել»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Զառա Մխեյանը նշեց, որ Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերի վրա շտրիխ- կոդեր են լինելու, եւ հսկիչները դրանք ստուգելիս անցկացնելու են հատուկ ծրագրով: Համերգի միակ աստղը Ռամազոտին չի լինելու, պակաս հայտնի չեն նաեւ նրա հետ Հայաստան ժամանող երաժիշտները: «Մի խոսքով, աստղային հրավառություն է սպասվում»,-ասաց համերգի կազմակերպիչը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.11..2015