Ամերիկաբնակ սոպրանո Անահիտ Ներսիսյանը՝
«փակ» դռների ու հաջողությունների մասին
«Արամ Խաչատրյան» համերգասրահում ամերիկաբնակ սոպրանո Անահիտ Ներսիսյանի նոյեմբերի 10-ին կայանալիք մենահամերգի հայտագիրը հիշողությունների եւ տարաբնույթ խոսակցությունների ալիք է բարձրացրել մասնագետների շրջանում: Ոմանք «Առավոտին» հայտնեցին, որ երգչուհին մոտ 30 տարի է, ինչ ապրում ու ստեղծագործում է Լոս Անջելեսում եւ սա այն դեպքն է, երբ արվեստագետը հայտնվել է օվկիանոսից այն կողմ կարիերայի վերելքից հետո:
1980-ականների կեսերին, երբ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հյուրախաղերի է մեկնել Սանկտ Պետերբուրգ, ծրագրում՝ Վերդիի «Ռեքվիեմ», հենց համերգի օրը ճանաչված երգչուհի Մարիա Բիեշուի հիվանդության պատճառով նրան փոխարինել է Անահիտ Ներսիսյանը՝ հանդես գալով դարձյալ ճանաչված անուններ, մեցցո սոպրանո Ելենա Օբրազցովայի, տենոր Կարլ Զարինշի եւ բաս Վալերի Հարությունյանի հետ: «Առավոտի» հետ զրուցած արվեստագետները նշում են, որ դեռեւս Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էլեոնորա Տեր-Մարտիրոսյանի դասարան), ապա Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանի դասարան) ուսանելիս մասնագետները կարծիք էին հայտնում, որ շուտով օպերային բեմը՝ հանձին Անահիտի, կունենա արժանի փոխարինող… Ասում են նաեւ, որ դեռեւս ուսումնարանում սովորելու տարիներին մաեստրո Չեքիջյանը Անահիտին հրավիրել է երգչախումբ եւ շատ շուտով կանտատ-օրատորիալ մեծակտավ ստեղծագործությունների (այդ թվում՝ Վերդի՝ «Ռեքվիեմ», «Գլորիա», Ռոսինի՝ «Ստաբատ մաթեր», Բեթհովեն՝ 9-րդ սիմֆոնիա, Շուբերտ՝ «Դո մաժոր», Գրիգոր Հախինյան՝ «Սայաթ-Նովա» կանտատներ) կատարումով Անահիտ Ներսիսյանը իբրեւ մեներգչուհի շրջել է աշխարհով մեկ:
Վերջին տարիներին ԱՄՆ-ից հայրենիք հյուրախաղերով եկած երաժիշտներն էլ առիթի դեպքում նշում էին երգչուհու «ամերիկյան» հաջողությունները, օրինակ՝ նա ամերիկաբնակ միակ սոպրանոն է, որ ժամանակին Ֆրեզնոյի «Կալիֆոռնիա-օպերայի» կազմակերպած մրցույթում Պուչինիի «Քույր Անժելիկա» եւ «Իլ տաբարո» օպերաների գլխավոր դերերգերի համար հայտարարված մրցույթում արժանացել է Գրան պրիի կամ առաջին մրցանակ է շահել Նյու Յորքում կայացած Barry Alexander-ի անվան մրցույթում, որի մրցանակաբաշխությունն ու համերգը կայացել է Քարնեգի սրահում: Ասում են նաեւ, որ Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսությունը 30 հազար հանդիսականներով անցկացված մի միջոցառման ժամանակ Անահիտին է վստահել Ամերիկայի հիմնի կատարումը: ԱՄՆ-ում հայտնվելուն պես՝ Անահիտը տեղի հայազգի արվեստագետների հետ ժամանակին ստեղծում է «Երաժշտական փոստարկղ» անվամբ թատրոն, որի գերնպատակն էր այնտեղ տարածված ճաշկերույթ-պարահանդեսներից հայերին «տեղափոխել» համերգային դահլիճ:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Անահիտ Ներսիսյանը հաստատեց հայաստանցի արվեստագետների՝ իր մասին մեզ հայտնած տեղեկությունները. «Իսկապես վերելքի շրջան ունեցել եմ Հայաստանում, բայց եկավ մի պահ, երբ տեսնում էի, թե ինչպես են իմ առջեւ փակվում բոլոր դռները: Այն տարիներին ավելի էմոցիոնալ էի, մի տեսակ գունավոր ակնոցով էի նայում կյանքին: Հետագայում հասկացա, որ որոշ մեծագույն արվեստագետներ էլ են ունեցել փակ դռներ»: Երգչուհին առանց մանրամասնելու հայտնեց, որ այժմ գոհ է իրեն բաժին հասած ստեղծագործական ճակատագրից:
«Գյումրիի երկրաշարժից ուղիղ մեկ շաբաթ առաջ ընտանիքով հայտնվեցինք Լոս Անջելեսում: Առաջին ելույթներս տեղի արվեստագետների հետ, բնականաբար, բարեգործական բնույթ էին կրում…»,- նշեց մեր զրուցակիցը: Հարցին՝ ի՞նչը առիթ դարձավ 28 տարի անց կրկին ներկայանալ հայաստանցի ունկնդրին, Անահիտ Ներսիսյանը պատասխանեց. «Երեք տարի առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանին հանդիպեցի Լոս Անջելեսում: Նա հետաքրքրվել էր իմ գործունեությամբ, լսել հայ կոմպոզիտորների երգերի եւ ռոմանսների ու կոմիտասյան CD-ներս: Առաջարկեց մենահամերգ Երեւանում, ինչը իմ երազանքն էր»: Հավելեց, որ կայանալիք համերգին իրեն կընկերակցեն դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը եւ կոնցերտմայստեր Լեւոն Ջավադյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.11..2015