Լրահոս
Օրվա լրահոսը

Թիմային խաղում անհատների բարձր վարկանիշները կարող են խաբուսիկ լինել

Նոյեմբեր 04,2015 13:00

Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում օրերս անցկացված շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության գլխավոր մրցավարը հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն էր:

«Առավոտը» պարոն Վարդապետյանին խնդրեց պատմել Հայաստանի առաջատար շախմատիստներ Լեւոն Արոնյանի եւ Լիլիթ Մկրտչյանի մրցելույթների մասին:
Հիշեցնենք, որ Արոնյանը «Սիբիրի» կազմում նվաճեց Եվրոպայի ակումբային չեմպիոնի տիտղոսը, իսկ Մկրտչյանը ՅՈՒԳՐԱ-ի հետ միասին արժանացավ բրոնզե մեդալի:
«Ասեմ, որ «Սիբիր» թիմը շատ բարձր մակարդակի խաղ ցույց տվեց: Ինձ առանձնապես տպավորեց Վլադիմիր Կրամնիկի ելույթը: Նա փայլուն արդյունք ցույց տվեց: Անգամ Պետեր Լեկոյի հետ վերջին խաղում ձգտում էր հաղթանակի: Բայց արդեն հաշվարկելով, որ թիմային հաղթանակի խնդիրն արդեն ապահովված է, միայն այդ ժամանակ համաձայնեց ոչ-ոքիի:

Ինչ վերաբերում է Արոնյանին, նա երկրորդ խաղատախտակի առջեւ, իհարկե, չփայլեց, բայց հերթական անգամ իրեն դրսեւորեց որպես թիմային խաղացող: Այսինքն, հաշվի առնելով, որ թիմի մի շարք անդամներ բարձր մակարդակ էին ցույց տալիս եւ պարտիաների հենց սկզբնամասերում առավելություն էին ունենում մրցակիցների նկատմամբ, Լեւոնը շատ անգամ, հարմար դիրքերում, այսպես ասած, ռիսկի չէր դիմում: Ինչպես ասում են՝ պահում էր իր խաղատախտակը եւ հաճախ շատ մեծ ջանքեր չգործադրելով համաձայնում էր ոչ-ոքիի: Եվ «Սիբիրի» ընդհանուր հաղթանակը ցույց է տալիս, որ Լեւոն Արոնյանը կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը:
Լիլիթ Մկրտչյանի թիմը գրավեց երրորդ տեղը: Որոշ հանգամանքներ նկատի ունենալով՝ դա, կարելի է ասել, մեծ նվաճում էր: Բանն այն է, որ Սկոպյե ժամանելու հենց առաջին օրվանից ՅՈՒԳՐԱ-ի մի քանի առաջատարները առողջական բավականին լուրջ խնդիրներ ունեցան: Բավական է նշել, որ, օրինակ, Պոգոնինայի վիճակն անքան վատ էր, որ նա ոչ միայն երկու տուր ընդհանրապես չկարողացավ խաղալ, այլեւ հյուրանոցում ի վիճակի չէր համարից դուրս գալ եւ իջնել ճաշելու: Շատ լավ մարզավիճակում չէր նաեւ թիմի առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկող աշխարհի նախկին չեմպիոն Ուշենինան: Ի դեպ, երրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Լիլիթի առողջական վիճակն էլ Մակեդոնիայում փայլուն չէր: Բայց անհրաժեշտ էր, որպեսզի թիմի յուրաքանչյուր անդամ իր վրա վերցնի խնդիրների եւ դժվարությունների «հարվածը»: Լիլիթը ստիպված էր ուժերի առավել լարումով պայքարել իր թիմի հաջողության համար՝ երեք պարտիաներում խաղալով նաեւ երկրորդ խաղատախտակի առջեւ: Իմ համոզվածությամբ ՅՈՒԳՐԱ-ն այդպիսի վիճակում ցույց տվեց կամային որակներ: Ավելին, վերջին պարտիայում հաղթելու դեպքում կարող էր նաեւ երկրորդ տեղը գրավել: Բայց այդ ժամանակ ֆիզիկական ուժերն արդեն սպառվում էին եւ վերջին չորս պարտիաները ոչ-ոքի ավարտելով՝ զբաղեցրեց երրորդ տեղը:

Վերադառնալով տղամարդկանց առաջնությանը, ասեմ, որ նրանց մրցաշարը պատմության մեջ ամենաուժեղն էր: Ես այդ մասին արդեն շեշտել էի մինչեւ Մակեդոնիա մեկնելս: Եվրոգավաթը երբեք այդպիսի ուժեղ կազմ չէր հավաքել: Մի քանի թիմեր, որոնց անգամ վեցերորդ տախտակի խաղացողները 2700-ից ավելի վարկանիշ ունեին, մինչեւ վերջին պարտիաները պայքարում էին մեդալների համար: Օրինակ, տանտերերի «Ալկալոիդը», որը նույնիսկ չեմպիոնության շատ մեծ հավակնություն ուներ, ի վերջո հանգրվանեց վեցերորդ տեղում:

Այստեղ կրկին ուզում եմ հատկապես նշել, որ «Սիբիրը» Սկոպյեում իսկապես թիմ էր ներկայացնում: Մենք Հայաստանի հավաքականի մասին հաճախ ենք ասում, որ այն ոչ թե ուժեղ շախմատիստների մի խումբ է, այլ թիմ: «Սիբիրը» Մակեդոնիայում հենց այդպես իրեն դրսեւորեց՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ վարկանիշները կամ այլ չափորոշիչներ կարող են խաբուսիկ լինել եւ թիմային մրցաշարերում գլխավորը թիմային ոգին է: Եվրոպայի ակումբային առաջնություն էր, բայց խաղում էին աշխարհի բոլոր ուժեղագույն գրոսմայստերները, բացառությամբ, թերեւս, Մագնուս Կարլսենի եւ Վիշվանաթան Անանդի: Նրանք էլ, հավանաբար, ակումբներից հրավեր չէին ստացել, քանի որ ըստ էության թիմային խաղացողներ չեն: Չեմ բացառում, որ ակումբները հենց դրա համար էին իրենց կազմերը այլ՝ թիմի սկզբունքներով ձեւավորել: Ես Վլադիմիր Կրամնիկին երբեք չէի տեսել, որ նա այդքան ցավեր իր թիմի համար: Անգամ այն ժամանակ, երբ խաղում էր Ռուսաստանի հավաքականի կազմում»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30