«Պատմական օրինաչափությունները» ֆիզիկայի օրենքներ չեն
Ուղիղ 12 տարի առաջ 2003 թվականի նոյեմբերի 2-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք պատճառ (կամ գուցե պատրվակ) դարձան «վարդերի հեղափոխության» համար: Այդ ընտրություններից առաջ Վրաստանի քաղաքացիների դժգոհությունը Վրաստանի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի իշխանությունից մեծ էր՝ տնտեսական ծանր վիճակ, աղքատություն, համատարած կոռուպցիա, բարձր հանցավորություն…… կենտրոնական իշխանությունը չէր վերահսկում Աբխազիան եւ Հարավային Օսիան եւ շատ թույլ էր վերահսկում Աջարիան ու մի շարք այլ շրջաններ: Ընտրություններից մի քանի ամիս առաջ երիտասարդ քաղաքական գործիչներ Նինո Բուրջանաձեն, Զուրաբ Ժվանիան եւ Միխեիլ Սաակաշվիլին դուրս եկան Շեւարդնաձեի ղեկավարած «Վրաստանի քաղաքացիների միությունից» եւ ստեղծեցին իրենց ընդդիմադիր, արեւմտամետ կուսակցությունները:
Ընտրարշավի ժամանակ պարզ էր, որ կեղծիքները համատարած են լինելու՝ ընտրացուցակների մեջ չէին մտել ամբողջ թաղամասեր, մյուս կողմից՝ ընդգրկված էին վաղուց մահացած մարդկանց անուններ: Ընտրությունների արդյունքներով, ըստ պաշտոնական տվյալների, Շեւարդնաձեի «Վրաստանի քաղաքացիների միությունը» եւ Աջարիայի ղեկավար Աբաշիձեի գլխավորած «Դեմոկրատական վերածննդի միությունը» հավաքել էին առավելագույն ձայներ: Սակայն ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ բոլոր միջազգային դիտորդները հայտարարեցին, որ չեն ընդունում այդ արդյունքները, որից հետո սկսվեցին բողոքի երկարատեւ ցույցեր ոչ միայն Թբիլիսիում, այլեւ Վրաստանի մի շարք այլ քաղաքներում: Այդ ընթացքում ցույցերի կազմակերպիչները ստանում էին Արեւմուտքի, նախեւառաջ Միացյալ Նահանգների ակնհայտ բարոյական եւ նյութական աջակցությունը:
Ընտրություններից 20 օր անց՝ նոր գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ, Սաակաշվիլին եւ նրա կողմնակիցները ճեղքեցին ոստիկանության պատնեշը, վարդերը ձեռքին ներխուժեցին խորհրդարան, եւ այդ պահին ելույթ ունեցող Շեւարդնաձեն ստիպված էր իր թիկնապահների հետ լքել դահլիճը: Վրաստանի նախագահը հայտարարեց արտակարգ դրություն եւ հրամայեց բանակին ու ոստիկանական զորքերին գալ իր նստավայրի մոտ: Սակայն վերջիններս հրաժարվեցին կատարել հրամանը: Հաջորդ օրը Թբիլիսի ժամանեց Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը, եւ հեղափոխականների հետ բանակցությունների արդյունքում Շեւարդնաձեն հրաժարական տվեց:
Սրանք չոր փաստեր են, մնացածն արդեն իմ սուբյեկտիվ գնահատականն է: Հաջորդ տարի՝ 2004 թվականի հունվարի 4-ին, իշխանության եկած Սաակաշվիլիի ամենամեծ հաջողությունն այն էր, որ նրա կուսակցությունը 2012 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում… պարտվեց եւ խաղաղ հեռացավ իշխանությունից: Թեեւ Սաակաշվիլիի ղեկավարած 12 տարիների ընթացքում Վրաստանը տնտեսության, ժողովրդավարության եւ խոսքի ազատության առումով, իմ կարծիքով, առանձնակի տպավորիչ հաջողությունների չհասավ, բայց այս մի նվաճումն իր նշանակությամբ «ծածկում է» բոլոր մնացած խնդիրները: Սաակաշվիլիին հաջողվել է հաղթահարել կոռուպցիան պետական ստորին մակարդակներում, վերականգնել կենտրոնական իշխանությունը Աջարիայում եւ Վրաստանի մյուս շրջաններում՝ բացառությամբ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի: Վերջին դեպքում այդ տարածքը «Վրաստանին վերադարձնելու», իմ կարծիքով, խելահեղ փորձը մեր հարեւան երկրի համար տխուր հետեւանքներ ունեցավ:
Կարդացեք նաև
Դարձյալ կխուսափեի ուղիղ զուգահեռներից, որովհետեւ հեղափոխությունները կամ դրանց փորձերը տեղի են ունենում տարբեր «ելակետային տվյալներ» ունեցող երկրներում, հեղափոխական տարբեր մեթոդներն այս կամ այն երկրում կարող են լինել արդյունավետ կամ անարդյունավետ, հեղափոխության հետեւանքները կարող են լինել դրական, բացասական կամ այդ երկուսի զուգորդման տարբեր համամասնություններով: Այլ կերպ մտածելը, ինձ թվում է, նշանակում է հավատալ մեր ոչ վաղ անցյալում պաշտոնապես ընդունված տեսությանը:
Ավագ սերնդի ներկայացուցիչները բուհերում պարտադիր անցնում էին մի գիտություն, որը կոչվում էր «պատմական մատերիալիզմ»: Դրա իմաստն այն էր, որ գոյություն ունեն հստակ «պատմական օրինաչափություններ», որոնք հիմնված են տնտեսական գործոնների, արտադրական հարաբերությունների վրա եւ, հետեւաբար, ինչպես ֆիզիկայի օրենքների դեպքում, կարելի է ճշգրտորեն կանխորոշել հասարակարգերի փոփոխությունը: Ասենք, Հաիթիում, Սինգապուրում եւ Հարավաֆրիկյան հանրապետություններում արտադրական հարաբերությունները վաղ թե ուշ կզարգանան այնպես, որ «պրոլետարիատը» կսկսի պայքարել «բուրժուազիայի» դեմ, որի արդյունքում տեղի կունենա հեղափոխությունը, եւ «կապիտալիզմը» կփոխարինվի «սոցիալիզմով»:
Այսօր, բնականաբար, այդ տեսությանը ոչ ոք չի հավատում: Սակայն «պատմական մատերիալիզմի» տարրերը դեռեւս առկա են մեր մտածողություն մեջ: Մասնավորապես, որոշ մարդկանց թվում է, որ Ֆիլիպինների, Մյանմայի, Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի հեղափոխական փորձը, ինչպես նաեւ «արաբական գարունը» ունիվերսալ «պատմական օրինաչափություն» է, որը պետք է պարտադիր կրկնվի ամբողջ աշխարհի բոլոր ավտորիտար պետություններում:
Իրականում ցանկացած փորձ, այդ թվում` հեղափոխական, առանձնահատուկ է: Ակնհայտ է, վերոհիշյալ դեպքերում «հաղթանակած հեղափոխության» քաղաքական եւ տնտեսական հետեւանքները խիստ տարբեր էին: Թե որ մի հետեւանքին կհանգեցնի այդպիսի հեղափոխությունը, եթե հաղթի Հայաստանում, կարող են ասել միայն «պատմական մատերիալիզմի» ժամանակակից հետնորդները: Հնարավոր չէ նույնիսկ հաշվարկել, թե հեղափոխական ո՛ր մեթոդները արդյունավետ կլինեն մեր երկրում: Ամերիկացի հետազոտող Ջին Շարպը նման պայքարի 198 մեթոդ է նշում: Դա չի նշանակում, սակայն, որ մեր հեղափոխականները պետք է գիրքը բացեն ու փորձեն 198-ն էլ կիրառել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.11..2015