Պարանոցի եւ լանջաբացվածքի մաշկը եւ մկանները առաձգական եւ ձիգ պահպանելու, դրանց արտաքին տեսքը լավացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն տարատեսակ դիմակներ, այլեւ` վարժություններ։ Վարժությունները կատարվում են նստած վիճակում, ուղիղ մեջքով, ըստ որում՝ գլխով եւ պարանոցով շարժումները կատարվում են դանդաղ ընթացքով։ Վարժությունների ժամանակ աչքերը փակեք, շնչեք հանգիստ եւ խորը՝ ձեր մտքերը կենտրոնացնելով կատարվող շարժումներին։ Վարժությունները կատարվում են շաբաթը մեկ անգամ եւ միայն երկարատեւ մարզումներն են ունենում հաջողություն։
1. Գլուխն ազատ հետ գցեք, ապա այն բերեք առաջ։ Կրկնեք 10-15 անգամ։
2. Գլուխը թեքեք մի ուսին, ականջը հպելով ուսին, ապա մյուս ուսին եւ վերադարձեք ելման դրություն։ Վարժությունը կրկնեք 10 անգամ յուրաքանչյուր կողմում։
3. Գլուխը ուղիղ դիրքով շրջեք աջից ձախ ուղղությամբ եւ
հակառակը: Կրկնեք 7-8 անգամ (վարժությունները հարմար են
պարանոցի ողերի շրջանում խիլերի առկայության դեպքում)։
4.Գլխով կատարեք մի քանի շրջանաձեւ շարժումներ` հաջորդաբար առաջ, աջ, ձախ եւ կրկին առաջ։ Վարժությունը կատարեք հակառակ ուղղությամբ եւ կրկնեք 4-5 անգամ։
5.Միահյուսված ձեռքերի մատները հետեւի կողմից դրեք պարանոցին եւ ճնշեք գլխին առաջ եւ ցած ուղղությամբ՝ միաժամանակ պարանոցով դիմադրություն ցուցաբերելով։ Այդ վիճակում մնացեք 10 վայրկյան եւ թուլացեք։ Կրկնեք 5-6 անգամ։ Վարժությունն ավարտեք մատների ծայրով այտերին, կզակի եւ պարանոցի հետեւի շրջանում արագ եւ թեթեւ խփելով։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.11..2015