Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու բարձրաստիճան պաշտոնյաների փոխարեն «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագրին առայժմ արձագանքել է Նավասարդ Կճոյանը

Նոյեմբեր 03,2015 21:40

Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք Եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի երիտասարդներն այս տարի եւս «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրն են իրականացնում, բացիկներ են վաճառում խորհրդանշական գումարով. մի հատը 400 դրամով Գյումրիի անօթեւան մեկ ընտանիքի երկու սենյականոց բնակարան գնելու համար: Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի կեսերից ու կավարտվի դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ երրորդ տարին է՝ գյումրեցի երիտասարդներն այս բարեգործական ակցիան են իրականացնում, նրանք արդեն իսկ երկու բնակարաններ գնել են՝ երկու ընտանիքիների փրկելով տնակների ճիրաններից: Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք Եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի հանրային կապերի պատասխանատուն Գայանե Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս տարի տպագրվել է 10 հազար բացիկ, փոխվել է բացիկի տեսքը՝ Գյումրու տեսարժան վայրերից մեկն են պատկերել, որպեսզի կարողանան վաճառել Հայաստանի սահմաններից դուրս:

12200619_1247841728576331_853854107_n 12200603_1247841725242998_1640860543_n

Aravot.am-ը այս ծրագրի ղեկավար, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի ղեկավար Հայկարամ Դրմեյանից հետաքրքրվեց, թե մարզի բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞վ է մասնակցել այս ծրագրին: Վերջինս տեղեկացրեց, որ պաշտոնյաներից, բացառությամբ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի, դեռ արձագանքողներ չկան, սակայն հույս հայտնեց, որ նրանք դեռ կմասնակցեն:

Ըստ մեր զրուցակցի, մարզի ու քաղաքի պաշտոնյաներն անցած տարի մասնակցել են հենց դեկտեմբերի 7-ին, ասել, որ նրանք անտարբեր են եղել, ճիշտ չէ: Հայկարամ Դրմեյանի պատմելով, այս տարի բացիկների տպագրությունը ֆինանսավորել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի մի հայ բնակիչ, որը թերթում պատահաբար ընթերցել է այս ծրագրի մասին ու որոշել է մասնակցություն ունենալ:

Այնուհետ 400 բացիկներ են ուղարկել Լիոն, կեսը, ըստ նախնական տեղեկությունների, վաճառվել է: Մեր հարցին, թե ինչքա՞ն բացիկներ են մնացել վաճառելու, որպեսզի նպատակն իրագործվի, Հայկարամ Դրմեյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ ստույգ ասել չի կարող, բացիկները տեղաբաշխել են, սակայն դրանցից քանիսը կվաճառվի, քանիսը հետ կբերեն, այս պահի հնարավոր չէ ասել:

Հարցին, թե նախորդ տարի Արարատյան թեմը՝ Նավասարդ Կճոյանի գլխավորությամբ եւս մասնակցել էր բացիկների վաճառքին, այս տարի որեւէ այլ թեմ մասնակցություն ցուցաբերե՞լ է, Հայկարամ Դրմեյանն ասաց, որ Արարատյան թեմը դարձյալ մասնակցել է, այս թեմի ներկայացուցիչները շուտով կգան Շիրակ մարզ ու պարզ կդառնա, թե քանի բացիկ է վաճառվել այնտեղ:

Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք Եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի հանրային կապերի պատասխանատուն Գայանե Ավետիսյանն էլ հավալեց, որ բացիկների վաճառքի ասպարեզը ընդլայնվել է, քանի որ այս ծրագիրը մեծ վստահություն ունի: Գումարը հավաքելուն պես, իրենք տնայցեր են կատարելու, ընտրելու են մի քանի ընտանիքներ, որոնց պայմանները կհամապատասխանեն այս ծրագրի առաջադրած չափանիշներին, որից հետո կանցնեն վիճակահանության փուլին ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի օրհնությամբ կտրամադրվի բնակարան:

Հիշեցնենք, որ երիտասարդները նախորդ տարի 12 հազար դոլարով բնակարան էին ձեռք բերել նորակառույց Մուշ 2 թաղամասում՝ այն նվիրելով բնակարան ստանալու հույս չունեցող Ալեքսանյանների 5 անձից բաղկացած ընտանիքին: 2014 թվականին 11 հազար դոլարով բնակարան գնեցին Պողոսյանների ընտանիքի համար՝ դարձյալ նորակառույց Մուշ 2 թաղամասում:

Լուսանկարները՝ Գայանե Ավետիսյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30