Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Իտալիայի Ասիզի քաղաքում

Նոյեմբեր 03,2015 21:00

Նոյեմբերի 2-ին՝ Իտալիայի Ասիզի քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս քահանայապետական բազիլիկ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի էկումենիկ պատարագ՝ եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտիի գլխավորությամբ և հայր Գոլյիելմո Սպիրիտոյի ու Իտալիայի Հայ առաքելական թեմի առաջնորդ հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի մասնակցությամբ:

Պատարագին հայր Գոլյիելմո Սպիրիտոն խոսեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման խորհրդի մասին, իր համերաշխությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցու կողմից ցեղասպանության զոհերի սրբադասմանը և մեջբերումներ արեց Դանիել Վարուժանի ստեղծագործություններից:

Պատարագից հետո կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Իտալիայում բնակվող հայ բարերար Արթուր Հակոբյանի նվիրաբերած խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարը տեղադրվել է Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու անմիջապես մուտքի մոտ:

Խաչքարի օծման արարողությունից հետո դեսպան Սարգիս Ղազարյանը երախտիքի խոսք ուղղեց Ֆրանցիսկյան միաբանությանը՝ հայ ժողովրդի հանդեպ դրսևորած համերաշխության համար՝ նկատելով, որ Իտալիայում Հայաստանի դեսպանության, Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու և Իտալիայի հայերի միության համագործակցությամբ ս.թ. մարտից եկեղեցու տարածքում բացվել և շարունակում է գործել Կարեն Կոքչյանի հայկական եկեղեցիների ու վանական համալիրների, մշակութային կոթողների և բնապատկերների «Հայերը և Հայաստանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որն արդեն 2 մլն այցելու է ունեցել: Նա շնորհակալություն հայտնեց նաև Արթուր Հակոբյանին և Իտալիայի հայերի միությանը՝ դեսպանության նախաձեռնություններին մշտական աջակցության համար:

Դեսպանը նկատեց, որ անցյալի ցեղասպանությունների հիշողությունը պահպանելու անհրաժեշտության հարցում անտարբերությունը, լռությունը և ժխտողականությունը մարդկության դեմ նոր ոճիրների պատճառ են դառնում: Այդ համատեքստում նա անդրադարձավ Միջին Արևելքում «Իսլամական պետության» կողմից քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ իրականացվող վայրագություններին:

Դեսպան Սարգիս Ղազարյանը ներկայացրեց նաև նոր ցեղասպանությունների կանխարգելման նպատակով միջազգային հարթակներում Հայաստանի կողմից երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կատարվող աշխատանքները:

Էկումենիկ պատարագին և խաչքարի օծման արարողությանը ներկա էին Ասիզիի քաղաքապետ Կլաուդիո Ռիչին, իտալական և եվրոպական խորհրդարանների անդամներ, քաղաքի հոգևոր, հասարակական ու քաղաքական շրջանակների, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Տեղեկանք. Ասիզիի Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցին Իտալիայի և կաթոլիկ աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկն է, ուր օրական բազմահազար ուխտավորներ ու զբոսաշրջիկներ են այցելում, և եկեղեցին տարեկան շուրջ 15 մլն այցելու է ունենում: Այն Իտալիայի և Եվրոպայի կաթոլիկ պահապան Սուրբ Ֆրանցիսկոսի պաշտամունքի հիմնական ուխտավայրն է, և այստեղ է սկիզբ առնում Միջազգային խաղաղության տարեկան երթը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30