«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը տուժող է ճանաչվել իր վրա հարձակվելու դեպքով հարուցված քրեական գործով եւ երեկ իր եւ իր վրա հարձակվողի միջեւ առերեսում է տեղի ունեցել:
Aravot.am-ը Սամսոն Ղազարյանից հետաքրքրվեց առերեսումից հետո իր համար պարզ դարձա՞վ, թե ինչու էին իր վրա հարձակվել:
«Հա ճանաչեցի, աչքերն իրենն էր, դեմքը մի քիչ փոխվել էր, բայց ինքն էր: Մոտ երեսուն տարեկան տղամարդ է: Առերեսումից հետո էլ դեռ ինձ համար պարզ չէ, ինչու էր իմ վրա հարձակվել, չհասկացա հարձակման դրդապատճառը: Նա մի շարք պատճառաբանություններ բերեց, թե ինչու է հարձակվել վրաս, բայց դրանց մասին չեմ կարող ասել, որովհետեւ նախաքննության գաղտնիք է: Միայն կարող եմ ասել, որ բացարձակ սուտ ցուցմունք է տալիս»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա նաեւ հավելեց, որ իր վրա հարձակում կատարած անձը նաեւ պատմել է, որ նախապես իրեն չի ճանաչել. «Ես նրան հաստատ չեմ ճանաչել ու չեմ ճանաչում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել հարձակման պահին, ասաց. «Ոչ, հարձակվելուց հետո նստել է մեքենան ու հեռացել: Բոլորովին ալկոհոլի ազդեցության տակ չի եղել»:
Հիշեցնենք, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի վրա այս տարվա հոկտեմբերի 21-ին ինչ-որ երիտասարդ տղա հարձակվել է եւ մարմնական վնասվածքներ հասցրել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ