Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմագոգների հարցերին չեմ պատասխանում». Սուրիկ Խաչատրյանը՝ Փաշինյանի մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2015 20:01

Ազգային ժողովում նոյեմբերի 3-ին Տարածքային կառավարման և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում էր  համայնքների 2016 թվականին բյուջեն:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նիստին ներկա էր նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նրա զեկույցից հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին իր հարցերն ուղղեց: Պատգամավորի առաջին հարցը Սյունիքի մարզում հացի գների մասին էր: Նա նկատեց, որ Սյունիքի մարզում հացի գներն ավելի բարձր են, քան հանրապետության այլ վայրերում, եւ Սյունիքի մարզպետը հունվար ամսին խորհրդակցություն է անցկացրել եւ որոշում է կայացրել հացի գները 40 դրամով նվազեցնելու մասին: Սակայն սեպտեմբերի տվյալներով՝ Սյունիքի մարզում հացի գինը բարձրացել է. «Ինչո՞վ կբացատրեք սա, որ Դուք մի կողմից ավետում եք, որ հացի գները նվազում են, բայց իրականությունը ցույց է տալիս, որ հացի գները աճում են: Եվ եթե դժվար չէ, բացատրեք խնդրեմ՝ այդ ի՞նչ մեխանիզմներով է մարզպետը կարգավորում հացի գները, այսինքն՝ պետական բյուջեից սուբսիդավորվո՞ւմ է հացի գինը, թե՞ ոչ»:

Երկրորդ հարցը մարզպետի գիտական գործունեության մասին էր. «Կարո՞ղ եք ասել, շարունակելո՞ւ եք արդյոք Ձեր գիտական գործունեությունը, մասնավորապես՝ քանի որ բյուջեն ենք քննարկում, հնարավո՞ր է, որ առաջիկայում մենք տեսնենք այսպիսի վերնագրով աշխատություն՝ «Պետական բյուջեի նախագծերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը», եւ այս աշխատության շրջանակներում պատրաստվո՞ւմ եք արդյոք պայքարել Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչման համար»:

Սուրիկ Խաչատրյանը ասաց. «Պարոն Փաշինյան, քանի որ Ձեր հարցերը վարման կարգից դուրս են, Ձեր հարցերին չեմ պատասխանում»:

Նիստի ավարտից հետո Սյունիքի մարզպետը հայտարարեց, թե լրագրողների հարցերին չի պատասխանի: Բայց այնուամենայնիվ, հարցին, թե ինչո՞ւ չպատասխանեց Նիկոլ Փաշինյանի հարցին, նա ասաց. «Դեմագոգների հարցերին չեմ պատասխանում»:

Հարցին, թե ինչո՞ւ են մարզպետի ընտանիքի անդամները միշտ աղմկահարույց միջադեպերի կենտրոնում հայտնվում, մարզպետը լրագրողներին ասաց. «Գնացե՛ք ձեր գործերին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30