Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարա՞պ եք եղել, դրա համար եք եկել». Փաշինյանը՝ Գեղարքունիքի մարզպետին

Նոյեմբեր 03,2015 19:20

Ազգային ժողովում նոյեմբերի 3-ին Տարածքային կառավարման և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում էր  համայնքների 2016 թվականին բյուջեն:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի զեկույցից հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին իր հարցերը ուղղեց. «Դուք այսօր ինչո՞ւ եք եկել Ազգային ժողով, Երեւանի քաղաքապետի տեղակալն ասաց, որ այսօր չի եկել, որովհետեւ Կարմիր խաչի պատվիրակությանն է ընդունում: Այսօր պարա՞պ եք եղել, դրա համար եք եկել, մարդ չկա՞ր, որ ընդունեիք՝ գյուղապետ, Կարմիր խաչ, կամ մարզպետարանում մնայիք ձանձրույթից, չեմ ուզում ասել մեռնեիք, բայց ասենք՝ ձանձրույթից պետք է Ձեր ինքնազգացողությունը վատանա՞ր:  Նկատի ունեմ, որ Կարմիր խաչից մարդ է գալիս այստեղ չեն գալիս, նշանակում է՝ նույն մարզպետները , բան չունեն անելու, ուզած-չուզած եկել են այստեղ: Ճիշտ եմ հասկանո՞ւմ իրավիճակը»:

Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց. «Իհարկե՛, հեռուստատեսությամբ շատ եմ տեսել Ձեր ելույթները, բայց նաեւ ցանկություն կա անմիջապես շփվել Ձեզ հետ»:

Իսկ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկաներին խորհուրդ տվեց զավեշտը վերջացնել:

Փաշինյանը, օգտվելով իր արձագանքի հնարավորությունից, ասաց. «Կարծում եմ, որ պարոնայք հանձնաժողովի նախագահներ, դուք պետք է մտածեք նիստը զավեշտի չվերածելու մասին, դուք ձեր պահվածքով ընդհանրապես զավեշտի եք վերածում: Ես լուրջ եմ ասում,  այն մարզպետները, որոնք ամեն տարի պարտաճանաչ գալիս են, ինչի՞ են գալիս, ես նրանց կոչ եմ անում ուղղակի չգալ, որովհետեւ սա վիրավորական է իրենց համար: Իսկապես տպավորություն է ստացվում, Կարմիր խաչից մարդ է եկել, քեռուս տղեն է Ռոստովից եկել, ես էի գնացել բանակի քեֆ ունեի Սանկտ Պետերբուրգում:

Այսինքն՝ մարդիկ այստեղ պարա՞պ են, չեմ հասկանում: Ձեզ խաբել են, պարոն Մինասյան, մայիսի 27-ին Տարոն Մարգարյանը Երեւանում է եղել առավոտից մինչեւ երեկո եւ Ձեզ խաբել են, Դուք Ձեզ զավեշտալի իրավիճակում եք դնում, մի հատ էլ խոսում եք զավեշտի մասին: Եթե ուզում եք զավեշտից դուրս գա այս ամեն ինչը, առաջինը՝ հետեւեք Ձեր գործունեությանը եւ գործելակերպին»:

Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Հանձնաժողովի նախագահները մարդկանց այստեղ բերող չեն, դա կանոնակարգվում է ամեն մի կառույցի կանոնադրությամբ: Մենք չենք որոշում՝ ով գա, ով չգա, մենք լիազորություն չունենք մարդուն բերել, եթե նա չի եկել: Այստեղ մենք եւ Դուք նույն լիազորություններն ունենք, պարոն Փաշինյան, խնդրե՛մ, նպաստեք թո՛ղ գան»:

«Նպաստում եմ, մի հոգի արդեն եկել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30