Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող վթարի ենթարկված ավտոբուսի մեջ եղել են նաեւ Շիրակի մարզի 4 բնակիչներ՝ 3-ը Սառնաղբյուր գյուղից, մեկը՝ Լանջիկից: Սառնաղբյուր գյուղի երեք բնակիչներն էլ՝ 29-ամյա Արման Ղուրշուդյանը, 28-ամյա Արմեն Երեմյանը ու 50-ամյա Անուշավան Երեմյանը գարնանն էին մեկնել արտագնա աշխատանքի ու ավտոբուսով տուն էին վերադառնում: Այս մասին մեզ տեղեկացրեց Սառնաղբյուրի գյուղապետ Սեւակ Մադաթյանը՝ նշելով, որ Երեմյանները փեսա ու աներ են:
Գյուղապետն ասաց, որ խոսել է իր համագյուղացիների հետ, որոնք այս պահին գտնվում են Տուլայի մարզի հիվանդանոցներից մեկում, նրանք թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել, նույնիսկ հիվանդանոցի թեժ գիծ է զանգահարել ու հայրենակիցների վիճակի մասին հարցուփորձ արել բժշկից: Բժիշկն ասել է, որ վիճակը նորմալ է: Նրանցից մեկի քիթն է կոտրվել, մյուսները թեթեւակի վնասվածքներ են ստացել: Հարազատները եւս խոսել են նրանց հետ, ինչպես փոխանցեց գյուղապետը նրանք լավ են, գիտակցությունը տեղն է: Հարցին, թե՞ ինչ են պատմել ուղեւորները, ինչպե՞ս է տեղի ունեցել վթարը, գյուղապետն ասաց, որ մանրամասների չի տիրապետում, միայն հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով:
Վթարի ենթարկված ավտոբուսի մեջ եղել է նաեւ Լանջիկ գյուղի բնակիչ 26-ամյա Հունան Մինասյանը: Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, նա եւս թեթեւ վնասվածքներ է ստացել, նա նույնպես արտագնա աշխատանքի էր մեկնել, Սառնաղբյուրի բնակիչներից մեկի բարեկամն է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ