Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամների սոցիալ-իրավական, ֆինանսական, բնակարանային ապահովման խնդիրները, զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցերը պաշտպանական գերատեսչության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են:
Նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քաղաքացիների ընդունելության օր էր: Նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հանդիպման ներկայացած զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ էին և առավելապես վերաբերում էին սոցիալական, առողջական, ֆինանսական ու իրավական ոլորտներին:
Կարդացեք նաև
Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին, տվել է հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք կյանքի կոչելու համար: Ըստ այդմ՝ ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվել են հենց տեղում՝ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:
ՀՀ պաշտպանության նախարարություն