Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Արեյանին. «Ընենց եմ ձեզ հարգում եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ողջ իշխանությանը»

Նոյեմբեր 03,2015 18:02

Ազգային ժողովում նոյեմբերի 3-ին Տարածքային կառավարման և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի համատեղ հանձնաժողովների նիստում քննարկում է համայնքների 2016 թվականին բյուջեն:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր հարցերն էր ուղղել Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին: Հարցերի պատասխանը ստանալուց հետո Փաշինյանն արձագանքեց. «Ինֆորմացիայի համադրումը ցույց է տալիս, որ այդ օրը՝ մայիսի 27-ին, Երեւանի ավագանու նիստ է տեղի ունեցել մեր հանձնաժողովի նիստից առաջ, եւ ինքներդ էլ պետք է, որ այդ նիստին մասնակցած լինեիք, եւ աշխատանքի ներկայացած լինեիք եւ չէիք կարող չիմանալ, որ Տարոն Մարգարյանը Երեւանում է: Հիմա Դուք ասում եք՝ Ազգային ժողովի նկատմամբ հարգանք ունեք, եթե Ձեր հարգանքը արտահայտվում է նրանով, որ Ազգային ժողովին ակնհայտ սխալ եւ սուտ տեղեկություն եք տրամադրում, ուրեմն՝ հարցեր են առաջանում՝ հիմա կլինի՞ մենք էլ Ձեզ տենց հարգենք: Կարծում եմ՝ առանձնապես դուր չի գա, եթե մենք Երեւանի քաղաքապետարանին այդ ոճով հարգեիք: Խնդիրը հարգանքի մեջ չէ, խնդիրը հետեւյալն է՝ ես ասում եմ սխալ տեղեկատվություն եք տվել, չեմ ուզում կոպիտ ասել, սուտ տեղեկատվություն եք տվել, գոնե ասեք ցավում եմ, կամ կներեք, ասում եք մենք հարգում ենք ձեզ: Եթե տենց ա, ընենց եմ ձեզ հարգում եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ողջ իշխանությանը, ուղղակի չեք պատկերացնի: Բայց ես կոնկրետ հարց եմ տալիս եւ կոնկրետ պատասխան եմ ակնկալում»:

Անդրադառնալով կարմիր գծերին՝ նա ասաց, որ եթե ծառայությունը չի մատուցվել, կարելի է այդ մեկ տարվա համար վճարած գումարը վերադարձնել կամ երկարացնել մեկ տարով. «Հակառակ դեպքում, ո՞ւմ դուր կգա գնալ մի տեղ, կինոյի տոմս առնի, բայց մտնի, կինոն չլինի կամ տեղ չլինի, դա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում»:

Խոսելով իր մյուսի հարցի պատասխանի մասին՝ Փաշինյանը ասաց, որ կա՛մ վարորդների աշխատավարձը շատ ցածր է, կա՛մ վարորդների համապատասխան որակավորումը ստուգված չէ. «Վերջին անգամ ե՞րբ եք Երեւանի քաղաքապետարանի տրոլեյբուսից օգտվել, տրոլեյբուսների մի մասից գարշահոտություն է գալիս, ոստիկանությունը ի՞նչ կապ ունի: Դա կոնկրետ ձեր կոմպետենցիան է: Խոսվում է որակի մասին, մարդիկ էլի չսափրված, հոգնած, մարդկանց վիճակը պարզ է, այսինքն՝ պարզ է, որ մարդիկ մի առանձնապես աշխատավարձ չեն ստանում: Ամեն անգամ պետք է ողբերգություն լինի, որ ասենք՝ վա՜յ, ինչի ժամանակին խնդիրների մասին չենք մտածել: Միկրոավտոբուսների մասին, ամեն անգամ ասում եք՝ լուծումը մեկն է, պետք են մեծ ավտոբուսներ: Ամեն անգամ ասում եք լուծումը մեկն է, այստեղ ուզում ես ասել՝ իյա, իրո՞ք, բոլորս գիտենք, որ լուծումը մեկն է, լուծողը դուք եք, դուք պետք է լուծեք, ինչի՞ չեք լուծում»:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ուղղեց նաեւ հանձնաժողովի նախագահին. «Պարոն Մարգարյա՛ն, Դուք եք ասո՞ւմ, որ Տարոն Մարգարյանը հանկարծ չգա, այս կողմերը չերեւա: Ես այդ տպավորությունը ստացա, պարոն Արեյանն ասում է հանձնաժողովի նախագահների հետ ճշտված համապատասխանեցված: Մարզպետներին էլ ասե՛ք, թո՛ղ չգան, էդ մարդիկ հո պարապ չեն, թո՛ղ մնան ավելի հետաքրքիր գործեր կունենան: Գալիս են այստեղ մի ժամ ձանձրանում՝ էսքան տվեցին, էսքան ծախսեցին, շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Իսկ ի՞նչ էր ասել Արեյանը, բացի հարգելուց: Բան ասեք, բան հասկանանք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30