Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Նախագահը ողջունել է հյուրին և նրա առաքելության արդյունավետ իրականացման տեսանկյունից կարևորել հաճախակի հանդիպումներն ու քննարկումները, որոնք մինչ այս, Նախագահի գնահատմամբ, եղել են անկեղծ և բովանդակալից: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր առավել քան երբևէ, կարևոր է Եվրոպական միության հավասարակշռված դիրքորոշման պահպանումը ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում, ինչպես նաև խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառության իրականացումը։
Դեսպան Զալբերը կարևորելով հիմնահարցի շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հավաստիացրել է, որ Եվրոպական Միությունը հանձնառու է շարունակելու տարածաշրջանում իր հավասարակշռված քաղաքականությունը:
Հանրապետության Նախագահն անդրադառնալով Հերբերտ Զալբերի հետ շուրջ չորս ամիս առաջ կայացած նախորդ հանդիպումից հետո իրավիճակին՝ նշել է, որ այդ կարճ ժամանակահատվածում լարվածությունը տարածաշրջանում լրջորեն աճել է՝ ուղղակիորեն սպառնալով ԼՂ և Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգությանը:
Կարդացեք նաև
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել կառուցողական համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման ու ամրապնդման:
Հյուրի խնդրանքով Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր մոտեցումները ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Սերժ Սարգսյանը կարևորել է միջազգային հանրության և իրավասու միջազգային կառույցների ժամանակին ու հասցեական, այլ ոչ թե ընդհանրական հայտարարությունները հրադադարի խախտումների կապակցությամբ, ինչպես նաև որոշակի միջոցների ձեռնարկումը, որոնք կկանխեն հետագա որևէ սադրանք:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, և այն կարող է լուծվել միայն կողմերի համար ընդունելի փոխզիջումների հիման վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ