Ազգային ժողովում նոյեմբերի 3-ին Տարածքային կառավարման և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի համատեղ հանձնաժողովների նիստում քննարկվում է համայնքների 2016 թվականին բյուջեն:
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ելույթից հետո, Նիկոլ Փաշինյանը հարցեր ուղղեց զեկուցողին: Նա նշեց, որ երբ մայիսի 27-ին քննարկվում էր 2013 թվականի բյուջեի կատարողականը, եւ ինքը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ազգային ժողով չի ներկայացել, Կամո Արեյանը պատասխանել է, որ քաղաքապետը գտնվում է Սանկտ Պետերբուրգում, բայց պարզվեց, որ նա ոչ միայն Երեւանում է, այլ նաեւ վարել է ավագանու նիստ. «Ես ակնկալում եմ Ձեր բացատրությունը, թե ինչպես կարող եք Դուք ՀՀ Ազգային ժողովին իրականությանը այսքան չհամապատասխանող տեղեկություն տալ: Եվ ինչ է պատահել Տարոն Մարգարյանին, ինչո՞ւ ներկա չէ նա նիստին»:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաեւ կարմիր գծերին՝ նշելով, որ կա պրակտիկա, երբ անձը նախօրոք մեկ տարվա համար վճարում է, սակայն չի կարողանում կայանել մեքենան եւ օգտվել ծառայությունից. «Նույնն է, մտնես խանութ փողը տաս, ապրանքը չստանաս: Ի՞նչ է անում քաղաքապետարանը վճարած քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար»:
Պատգամավորը նշեց, որ հաճախ է օգտվում Երեւանի մետրոպոլիտենից եւ վերգետնյա տրանսպորտից, նա համեմատեց վերգետնյա տրանսպորտի աշխատանքը «Ֆորմուլա 1» մրցավազքի հետ. «Իմ տպավորությամբ գոնե Երեւանի քաղաքապետարանը պատշաճ վերահսկողություն չի կատարում, որպեսզի հասարակական տրանսպորտը վարող վարորդները իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարեն: Բազմաթիվ են դեպքերը, երբ ժամերով խոսում են հեռախոսով: Ինչ կասեք այս կապակցությամբ, արդյոք քաղաքապետարանը կատարում է, իր վերահսկողական ծառայությունը»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի մյուս հարցն էլ էր կապված հասարակական տրանսպորտի հետ. «Ե՞րբ ենք մենք հասնելու այն իրավիճակին, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ դեռատի աղջիկներին, կանանց, տղամարդկանց, մենք ստիպում ենք, որ կռացած երթեւեկեն «գազել» կոչվող երթուղային տաքսիներով: Ամեն օր սարսափելի է տեսնել, ինչպես են իրար մեջքի կռացած, քաղաքային իրավիճակը տեսանելի ձեւով ցուցադրելով ստիպված տուն վերադառնում կամ աշխատանքի գնում»:
Կամո Արեյանը պատասխանեց, որ Ազգային ժողովի հանդեպ ե՛ւ Տարոն Մարգարյանը ե՛ւ նրա տեղակալը հարգանք ունեն. «Թյուրիմացություն չեմ ստեղծել երբեք, այցը պլանավորված էր, նախապես տեղեկացված էր աշխատակազմը, որ այդ ժամանակահատվածում ինքը կարող է գտնվել Սանկտ Պետերբուրգում, մինչդեռ այդ օրը վերադարձել էր օրվա երկրորդ կեսից ե՛ւ ավագանու նիստին էր մասնակցել, ե՛ւ պատվիրակություն էր ընդունել»:
Նա հավելեց, որ քաղաքապետը այսօր ընդունելու է Կարմիր խաչի պատվիրակությանը, որը 10 տարվա ծրագիր է իրականացնում, նախապես ծրագրավորված հանդիպում էր: Այդ մասին Տարոն Մարգարյանը նախապես տեղեկացրել էր:
Անդրադառնալով Փաշինյանի մյուսի հարցին՝ Կամո Արեյանը ընդգծեց, որ Կարմիր գծերից ստացված եկամուտները աղերս չունեն պետական բյուջեի հետ, որեւէ կապ չունի բյուջեի քննարկման հետ. «Այո՛, լինում են դեպքեր, երբ հնարավոր չի լինում կայանել, դրա համար մենք աստիճանաբար ընդլայնում ենք ցանցը այն փողոցների, որոնք ենթակա են գծանշման եւ կայանավորման համար: Աստիճանաբար մենք հնարավորություն ենք տալիս այդպիսի դեպքերից զերծ մնալ»:
Կամո Արեյանը նշեց, որ տեխնիկական միջոցներով հագեցած է երթեւեկության անվտանգության համակարգը. «Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժերով մենք ամեն ինչ անում ենք, որ կարգավորված երթուղի իրականացնեն հատկապես ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները, հատկապես՝ միկրոավտոբուսները: Եթե ինչ- որ մրցավազք է տեղի ունենում, հատկապես՝ կանգառների հատվածներում, ապա այդ տեսանկյունից ճանապարհային երթեւեկությունների խախտում են կատարում, որի վերահսկողությունը իրականացնում է ե՛ւ ճանապարհային ոստիկանությունը, ե՛ւ մեր երթակարգավորական ծառայությունը: Քաղաքապետարանը ամեն ինչ արել է կանգառները համապատասխան գծանշումով, որպեսզի հնարավորություն ունենան առավելագույնս առանց իրար խանգարելու կանգառ կատարեն տրանսպորտի միջոցները: Միանշանակ, բոլորիս մտահոգությունն է երրորդ հարցը, միակ լուծումն է մեծ եւ միջին ավտոբուսների ներկրումը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ