Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչային տարիքի երիտասարդները զինվորին հավասարվող հմտություններ են սկսել ցույց տալ

Նոյեմբեր 03,2015 17:16

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվեց «Նախազինակոչային եւ զինակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» եզրափակիչ փուլը:

Ռազմահայրենասիրական այս ծրագիրը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է արդեն 11-րդ տարին անընդմեջ, որին, ընդհանուր առմամբ, մասնակցել է հանրակրթական դպրոցների ավագ տարիքի 30 հազարից ավելի աշակերտ:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ռազմամարզական այս խաղերն ամբողջ հանրապետության տարածքում անցկացվում են չորս փուլով՝ ներդպրոցական, համայնքային, մարզային եւ հանրապետական, որը եզրափակիչ փուլն է: Ծրագրում ընդգրկված է վեց մրցաձեւ, որոնք ընտրվում են այն հաշվարկով, որպեսզի հնարավորինս մոտ լինեն բանակային կյանքում անհրաժեշտ հմտություններին: Դրանք են, վազք՝ 1000 մետր, նռնակի նետում, զենքի քանդում եւ հավաքում, ձգումներ պտտաձողի վրա, հրաձգություն օդաճնշիչ հրացանով եւ «վիրավորի» տեղափոխում պատգարակով: Հիմա մրցում են հանրապետության մարզային ու Երեւան քաղաքի փուլերում հաղթած դպրոցական թիմերը, ընդհանուր առմամբ՝ 110 հոգի: Պիտի նշեմ, որ տարեցտարի մասնակիցների թե քանակն է ավելանում, թե պատրաստվածության աստիճանը: Այսինքն, տեղերում զինղեկներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները սկսել են լուրջ աշխատանք կատարել: Օրինակ, տարբեր փուլերում եղել են երիտասարդներ, որոնք այս կամ այն վարժությունում ցույց են տվել բանակում ծառայողների որակներին հավասարվող արդյունքներ: Իսկ դա նշանակում է, որ նրանք վաղն արդեն իսկ կարող են բանակում միանգամից լիարժեք ծառայության անցնել»:

PB032363 PB032345

Եղիշ Դավթյանի գնահատմամբ սա նաեւ ֆիզիկական կուլտուրայի եւ առողջ ապրելակերպի տարածման արդյունավետ միջոց է, քանի որ հանրապետության ամբողջ տարածքում 30 հազարից ավելի երիտասարդներ ամիսներ շարունակ մարզվում, նախապատրաստվում են:

«Գիտե՞ք, ընդհանուր առմամբ այնքան էլ էական չէ, թե ովքեր են հասել եզրափակիչ փուլ եւ ովքեր կհաղթեն: Մենք կարեւորում ենք, որ այդքան մեծ թվով ավագ տարիքի դպրոցականներ պարբերաբար հաղորդակից են լինում սպորտին: Վստահաբար կարելի է ասել, որ նրանց մի զգալի մասի համար սպորտը դառնում է առօրյա», – ասաց պարոն Դավթյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30