Այս տարվա փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կասկածի տակ էր առել գործարար, ԲՀԿ այն ժամանակվա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ որպես բարեխիղճ հարկատու լինելը: ԲՀԿ-ի ակտիվ գործունեության շրջանում, երբ հանրահավաքներ էր կազմակերպում եռյակի հետ եւ իշխանափոխության կոչեր էր անում, Սերժ Սարգսյանը հայտարարել էր «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչեւ վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բոլորին»:
Այս հայտարարությանը հաջորդեցին Ծառուկյանի ընտանիքին պատկանող օբյեկտներում հարկային ստուգումները, ապա Ծառուկյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ԲՀԿ-ից եւ քաղաքականությունից:
Երեկ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վստահեցրել է, որ Ծառուկյանին պատկանող 7 տնտեսությունում ստուգումներ են անում, 6-ում ավարտել են, առանձնապես խոշոր չափերի խախտում չեն հայտնաբերել:
Ընդ որում, Խաչատրյանը բացառել է, որ այդ ստուգումներն ու դրանց արդյունքները պայմանավորված են քաղաքական գործոնով:
Կարդացեք նաև
«Բոլոր պարագաներում դրանց հետեւում այնպես բացահայտ, թե անբացահայտ, թաքնված է քաղաքական գործոն: Բնական է, որ ընդհանրապես, իշխանության համար պայքար էր ընթանալու եւ բնականաբար զարմանալ պետք չէ: Մարդկության ամբողջ պատմության մեջ իշխանության համար կա անսահման պայքար, ու ահավոր պայքար, եւ բնականաբար, պայմանավորված դրանով, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ի դեմս տվյալ ժամանակի «Բարգավաճ Հայաստանի» կային վտանգներ իշխանության գրավման վերաբերյալ: Գործող իշխանություններն այնպիսի մոտեցում ցույց տվեցին, որի արդյունքում իրենք գոնե ժամանակավոր պահեցին իրենց իշխանությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Վարդան Բոստանջյանն՝ անդրադառնալով Ծառուկյանի շուրջ ստեղծված իրադարձությանը՝ օբյեկտների ստուգումներին,լուրջ խախտումներ չհայտնաբերելուն եւ Սերժ Սարգսյանի հայտարարությանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Բոստանջանը նաեւ ասաց, որ օրինակ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանն ու Ռուբեն Վարդանյանը հզոր տղաներ են, որոնք կարող են տատանումներ անել ու քաղաքական շարժումներ առաջացնել:
Aravot.am-ի այն հարցին էլ՝ եթե Գագիկ Ծառուկյանի օբյեկտները «մաքուր էին» աշխատում, Ծառուկյանը բարեխիղճ հարկատու էր, ինչո՞ւ տեղի տվեց ճնշումներին եւ հեռացավ քաղաքականությունից, Բոստանջյանն ասաց. «Ես իրենց փաստաբանը չեմ, ստեղ թող չներկայանա նենց, որ գտել են մի հատ միամիտի, որ հիմար-հիմար դուրս կտա»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ