Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Եթե թատրոնը դնես շրջանակների մեջ, կդադարի թատրոն լինել»

Նոյեմբեր 03,2015 16:04

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը նոյեմբերի 14-ին տոնում է հիմնադրման 80-ամյակը: Aravot.am-ը թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեց՝ ինչ տեսակ տոնակատարություն է լինելու, արդյոք, այսպես կոչված, ավանդական ոճով: «Մեր թատրոնը ոչինչ ավանդական ոճի մեջ չի անում, այդ օրն էլ այդպես կլինի: Նախատեսված է փոքրիկ 1 ժամանոց հանդես, թե ինչպիսի՞, ինձ էլ հայտնի չէ, որովհետեւ դա թատրոնի երիտասարդ դերասաններն ու ռեժիսորներն են կազմակերպում, ընդ որում՝ ոչ մի ելույթ չի լինելու: Միայն Ֆուրշեթային մասում կարելի է բարեմաղթանքներ ու ցանկություններ հնչեցնել, որովհետեւ լավագույն բառերը ծնվում են այն ժամանակ, երբ ձեռքիդ մի գավաթ գինի կա»,-ասաց պարոն Բաբայանը:

Քանի որ նա 1998-ից ղեկավարում է թատրոնը, հետաքրքրվեցինք՝ որո՞նք են այն ձեռքբերումները, որ գրանցվել են իր ղեկավարած շրջանում: «Թատրոնը մասնակցել է մոտ 60 միջազգային փառատոնի արտերկրում, չհաշված հայաստանյանը, տարբեր ռեժիսորների մոտ 20 անուն ներկայացումներով՝ տիկնիկային, դրամատիկ, երաժշտական, մնջախաղ, բալետային: Շուտով մեր բալետային «PRO Շամիրամը մեկնում է Գերմանիա: Միայն այս տարի մենք մասնակցել ենք մոտ 10 միջազգային փառատոնի՝ տարբեր ներկայացումներով: Ես շատ ուրախ եմ, որ հիմնականում մեր երիտասարդ ռեժիսորների բեմադրած գործերն են գնում տարբեր երկրներ: Թատրոնը որոշակի ձեւով նաեւ մշակութային կենտրոն է, այստեղ մշտապես ցուցահանդեսներ են լինում, կինո եւ թատերական փառատոներ, համերգներ, օրինակ, «Կին» փառատոնն է բացվում, առաջիկայում լինելու են Վահան Արծրունու երկու համերգները, ջազային համերգներ…«Հայֆեստ», «Արմմոնո», «Թատրոն X» եւ այլ փառատոների. հիմնական բազան մեր թատրոնն է: Մի խոսքով, ինչքան առաջ ես գնում, տեսնում ես, որ ավելի շատ հորիզոններ են բացվում: Դա լավ է, որովհետեւ հենց մտածես՝ մեծ բաների ես հասել, ուրեմն ժամանակն է մտածել թոշակի անցնելու մասին»,- նշեց մեր զրուցակիցը:

ruben_Babayan_2

Ճանաչված արվեստագետից հարցրինք, թե թատրոն ղեկավարող մարդը ինչերի՞ց պետք է զերծ մնա եւ ի՞նչ որակներ ունենա: «Կարծում եմ՝ պետք է մի քիչ հումորի զգացում ունենալ, քիթը չխոթել ամեն տեղ: Ղեկավարման ձեւը ճիշտ մարդկանց համապատասխան պաշտոններին նշանակելն է եւ այդ մարդկանց վստահելը: Թե չէ՝ եթե քիթդ ամեն տեղ խոթում ես, նշանակում է՝ չես վստահում, ուրեմն՝ կամ այդ մարդուն պետք է փոխես, կամ ինքդ քեզ; Իմիջիայլոց, երբ ես դարձա թատրոնի ղեկավար, առաջին նախադասությունը, որ ընդհանուր ժողովին ասացի, սա էր՝ ես չգիտեմ ինչպիսին պետք է լինի թատրոնը, բայց գիտեմ ինչպիսին չպետք է լինի: Եվ հիմա էլ ամեն անգամ , երբ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, հասկանում եմ, որ այս բանը չի համապատասխանում թատրոնին, իսկ ինչն է համապատասխանում, ազնվությամբ չգիտեմ: Մի բան, սակայն, պարզ է՝ հենց դու փորձում ես թատրոնը դնել որոշակի շրջանակների մեջ, այն դադարում է թատրոն լինելուց, որովհետեւ թատրոնը ստեղծագործական ազատ ոլորտ է, որը ոչ մի սահմանափակումների չի ենթարկվում: Միեւնույն ժամանակ թատրոնը նաեւ արտադրություն է, եւ պետք է կարողանալ ամեն ինչը համատեղել օրենքների, պետական կառույցին բնորոշ ձեւերի հետ, որի մեջ թատրոնը գոյատեւում է: Այնպես որ, այդ երկուսի ոսկե միջինը գտնելը մի քիչ բարդ է, բայց երբ ստացվում է, ե՛ւ գայլերն են կուշտ լինում, ե՛ւ ոչխարներն են մնում անվնաս»,- կարծում է Ռուբեն Բաբայանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուբեն Բաբայանի լուսանկարը՝ ֆեյսբուքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30