Ավելի քան 5 տարի առաջ գրել ենք, որ «Գետն գրուպ» ՓԲԸ-ն Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղում շինաքար է արդյունահանում անօրինական կերպով: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում այժմ շարունակվում է սահմանամերձ Սեւքարում շինաքար արդյունահանած «Գետն գրուպ» ընկերությանն առնչվող քրեական գործի քննությունը: Մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ դեռեւս չեն ստացվել հանքավայրին առնչվող փորձաքննության արդյունքները:
Քարի վերամշակմամբ զբաղվող, Երեւանի Արցախի պողոտայի 50 հասցեում գրանցված, «Գետն գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը տարիներ շարունակ Սեւքար գյուղի կարմիր գույնի քարի հանքավայրը շահագործել է անօրինական կերպով: Այդ բիզնեսի հետ սերտ առնչություն ունի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Այդ քարով է կառուցվել Երեւանի քաղաքապետարանի շենքը, երբ քաղաքապետը Երվանդ Զախարյանն էր: Ե. Զախարյանի եւ բարձրաստիճան եւս 3 պաշտոնյաների անուններ են առնչվում այդ ընկերության հետ:
«Գետն գրուպ» ՓԲԸ-ն Սեւքար հանքավայրի տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել Սեւքարի գյուղապետարանի հետ:
2010թ. Տավուշի մարզում ստուգումներ կատարած Հայաստանի Վերահսկիչ պալատը նշված ընկերության գործունեության հետ կապված բացահայտումներ է արել: Սակայն այդ բացահայտումներին իրավապահ մարմինները ընթացք չեն տվել: 2014թ. աշնանը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի քննչական բաժինը Սեւքարում «Գետն գրուպ»-ի գործունեության հետ կապված քրեական գործ է հարուցել:
Կարդացեք նաև
Սեւքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանը, որը համայնքը ղեկավարում է 2012թ. սեպտեմբերից, ասաց, որ իր պաշտոնավարման շրջանում նշված հանքավայրը չի շահագործվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ