Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ դատապարտյալի մարմնի վրա որեւէ բռնության դեպք չի եղել». Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2015 14:45

Ահազանգ կար «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հետ կապված, որ դատապարտյալների խցերը ստուգելու ժամանակ բռնություն են գործադրել կալանավորների նկատմամբ:

Այս առնչությամբ այսօր ԱԺ-ում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ծառայողական քննության արդյունքներին. «Ծառայողական քննությունն ավարտվել է, մանրամասն ուսումնասիրվել են դատապարտյալների գրավոր, բանավոր հավաստիացումները, տեղեկությունները, հերքումները եւ, ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ պարզել ենք՝ որեւէ դատապարտյալի նկատմամբ որեւէ բռնության դեպք, նրանց մարմնի վրա եւս որեւէ բռնության դեպք չի եղել»:

Թե ինչու են նման կեղծ լուրեր տարածել՝ նախարարն ասաց. «Ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ իրականում երբ այնտեղ նշանակվել է համապատասխան ստուգայցը, ստուգայցի ժամանակ դատապարտյալների մոտ հայտնաբերվել են մի շարք արգելված առարկաներ: Երբ դա հայտնաբերել են, առաջացրել է դատապարտյալների որոշակի դժգոհություն, դրա համար էլ որոշակի աղմուկ է եղել»:

Անդրադառնալով քրեակատարողականներում գերբեռնված խցերի խնդրին՝ նախարարն ընդունեց, որ արդեն երկար տարիներ է, այդ խնդիրները կան. «Արմավիր քրեակատարողականի շահագործմամբ մենք 90 տոկոսով կլուծենք գերբեռնվածության խնդիրը»:

Հարցին՝ ձեր պաշտոնավարման ժամանակ եղավ նախադեպ ցմահ ազատազրկվածին ազատ արձակելու, մնացած ցմահ դատապարտվածների հետ կապված ինչ է նախատեսում նախարարությունը՝ նախարարը պատասխանեց, որ իր օրոք է եղել, բայց դատարանն է նման որոշում կայացրել. «Նախարարությունը պատասխանատու է դատապարտյալների պատժի կրման պայմանների համար, ոչ թե տարբեր ինստիտուտների գործադրման համար: Օրենքով նախատեսված որոշակի մեխանիզմներով ԱՆ-ն ներգրավված է, բնականաբար, կան այլ նախաձեռնություններ եւս, բայց ես զերծ կմնամ դրանց մասին բարձրաձայնելուց»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մտադիր են ցմահ ազատազրկվածների տեսակցությունների ժամերն ավելացնել:

Վոլոդյա Ավետիսյանը հանդիպում էր խնդրում Արփինե Հովհաննիսյանի հետ, նրան են միացել նաեւ այլ հացադուլավորներ: Արփինե Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց. «Ես տեղյակ եմ խնդրից: Իրականում արդարադատության նախարարը պայմանական վաղաժամկետ ազատման հարցում որեւէ լիազորություն չունի: Այն անկախ հանձնաժողովը, որը գործում է, նախարարության լիազորության շրջանակից դուրս է, նրա նկատմամբ վերահսկողությունից դուրս է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30