Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը մերկացնում է ընդդիմության փաստարկները՝ ընտրակեղծիքների մասին

Նոյեմբեր 03,2015 14:16
Davit Harutyunyan

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով նույնականացման քարտերի խնդրին, որը, ըստ ընդդիմության, ընտրակեղծիքներ կապահովի իշխանության համար, ասաց. «Նախ, պետք է իսկապես լավ պատկերացնել, թե ինչ հնարավորություն է ընձեռում մեր Ընտրական օրենսգիրքը: Այն մտահոգությունը, որն արտահայտվում է, բացարձակապես հենք չունի: Ինչ երաշխիքներ կան՝ ընտրացուցակները պետք է հրապարակվեն եւ այնպիսի ֆորմատով տեղադրվեն համացանցում, որ հնարավոր լինի պարզել՝ կրկնաքվեարկություններ կա՞ն, թե՞ ոչ: Նախորդ ընտրությունների ժամանակ 111 նման զույգ հայտնաբերվեց, բոլորը ստուգվեցին, պարզվեց, որ կան 222 հոգի, որոնք ծնվել են նույն անուն ազգանուններով, ծնվել են նույն ամսվա նույն օրը: Այս ընտրությունների ժամանակ նման 109 զույգ կա՝ 218 հոգի»:

Թե ինչպիսի ընտրախախտումներ կարող են լինել՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Ենթադրենք, Հովհաննիսյան Հովհաննեսը կարող է գալ ընտրատեղամաս եւ ասի, որ ես Հարությունյան Հարությունն եմ եւ հանձնաժողովի անդամները դա չտեսնելու տան: Հնարավո՞ր է՝ ամեն ինչ էլ տեսականորեն հնարավոր է, բայց Ընտրական օրենսգիրքը դրա դեմ նախատեսել է մի քանի պաշտպանիչ մեխանիզմ: Եթե հանձնաժողովի երկու անդամը չնկատեն դա, ընտրական տեղամասում ընդդիմության վստահված անձը կարող է նստել հանձնաժողովի անդամների մեջտեղում եւ վերստուգել այդ գործընթացը: Դրան հակառակ լսում ենք՝ իսկ եթե նա չվերահսկի: Ինչ վերահսկողական մեխանիզմներ էլ մտցնենք, եթե վերահսկողը մտադիր չէ վերահսկել՝ դժվար թե ինչ-որ խնդիր լուծեն»:

Նա ասաց, որ հանձնաժողովի անդամն ու վստահված անձը պետք է իրենց տեղերում լինեն, որ խախտումները վերանան:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքը կտրականապես դեմ է մատների թանաքոտմանը. «Թանաքոտման երկու եղանակ կա, երբ դա տեսանելի թանաք է, չեն ուզում գնալ ընտրությունների, որովհետեւ չեն ուզում, որ իրենց մատը լինի թանաքոտ: Իսկ մյուսը, երբ թանաքն անգույն է, որը տեսանելի է ուլտրամանուշակագույն լույսով լուսավորելիս: Ինչ խնդիրներ է առաջացնում երկրորդ եղանակը: Մի քանի խնդիրներ եմ ուզում թվարկել` իմ ասածը հորինած չէ, դրանք օրինակներ են այն երկրներից, որտեղ կիրառվել են այդ մեխանիզմները: Որոշ դեպքերում գտնվում են մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս ջնջելու թանաքը: Եթե մարդը գալիս է օճառոտ ձեռքով, ապա այդ թանաքը շատ հեշտ վերանում է»:

Նա ասաց, որ դեպքեր են եղել, երբ ուլտրամանուշակագույն լամպն էլ փոխել են, դրված է եղել սովորական լամպ եւ դա արագ բացահայտել հնարավոր չէ: Բացի այդ, այդ լամպերի հզորությունը շատ թույլ է եւ շատ դժվար է նկատել՝ այն միացվա՞ծ է, թե՞ ոչ: Կարող են չսեղմել լապտերի կոճակը եւ չի երեւա՝ միացվա՞ծ է այն, թե՞ ոչ: Այնպես որ, ըստ նրա, մատների թանաքոտումը հարց չի լուծում:

Ըստ Դավիթ Հարությունյանի, մեր ԸՕ-ի մեխանիզմները բավարար են, որ ընտրությունները անցնեն պատշաճ մակարդակով. «Մեկ օրինակ եմ ուզում հիշեցնել: Մենք գնացինք աննախադեպ քայլի: Մենք հնարավորություն ստեղծեցինք, որ եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունները կասկած ունեն որեւէ անձ մասնակցել է ընտրություններին, թե՝ ոչ, գան եւ ստուգեն: Կար համակարգում տեղեկատվություն: Քանի որ եթե մարդը հատել է սահմանը, ապա համակարգը ցույց կտա, որ այդ անձը այսինչ օրը հանրապետությունում չէ: Մենք անցկացրեցինք թրեյնինգներ, յուրաքանչյուրին տվեցին իր տերմինալը, որ ինքը ինքնուրույն մուտք ունենա այդ համակարգ: Թրեյնինգն անցան բոլոր կուսակցությունները, բացառությամբ մեկի՝ ՀԱԿ-ի: Բոլորը անցան թրեյնինգը, ունեցան իրենց տերմինալը: Եվ գիտեք, քանի հոգու վերաբերյալ ստուգում իրականացվեց ընտրություններից հետո՝ 1 հոգու: Սա նշանակում է, որ աղմուկը շատ ավելի մեծ է, քան իրականությունը: Լավ, մի՞թե տասը կասկած այս երկրում չկար, կարող էր լինել չէ՞, մի՞թե 10 մարդու դժվար էր գալ, ստուգել, հասկանալու` ինչ է տեղի ունենում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30