«Երկիր կառավարողներն են հասկանում՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, թե ոչ: Մեր ասելիքը սիրողական վերաբերմունք կլինի: Եթե նախագահը գտնում է, որ անհրաժեշտություն կա, ուրեմն կա: Մենք մինչեւ այսօր նախագահի կառավարման ընթացքում տեսել ենք, որ Հայաստանը միջազգային ասպարեզում լուրջ հեղինակություն է ձեռք բերել, հսկա փոփոխություններ են տեղի ունեցել Ցեղասպանության ճանաչման հարցում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով սահմանադրական բարեփոխումներից՝ ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
Նրա համոզմամբ՝ նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, իրականում չեն ցավում երկրի եւ ժողովրդի համար. «Պարզապես երեւում է, որ նրանք իրենց համար անհրաժեշտ բաներ էին մտածել, որոնք հնարավոր է՝ փուլ կգան նոր Սահմանադրության ընդունմամբ: Սա է նրանց մտահոգում, ոչ թե ժողովրդի եւ ազգի ճակատագիրը: Ընդդիմության մեջ կան իսկապես մտահոգ մարդիկ, բայց նրանց դեմ լինելու հանգամանքը ուղղակի լավ չեմ հասկանում»:
Անդրադառնալով նոր Սահմանադրությամբ ամրագրվող դատական մարմինների անկախացմանը, Դավոյանն ասաց, որ դա վախեցնող հանգամանք է. «Եթե դատարանները վերահսկողությունից դուրս լինեն, պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի: Եթե նախկինում մի կաշի էին քերթում, տասը կաշի կքերթեն: Ի՞նչ իմանաս՝ նրանց խղճի ախորժակը որքան մեծ է լինելու»:
Կարդացեք նաև
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումը ժամանակի հրամայական է. «Դրանից սարսափ չեմ զգում: Անազնվությունից եմ սարսափ զգում: Եթե ոմանք ասում են, որ ներկայիս նախագահը «վերարտադրվում» է, ուրեմն իրենք էլ են ուզում վերարտադրվել»:
Մտավորականները հասարակությանը կոչ արեցին մասնակցել առաջիկա հանրաքվեին՝ առաջնորդվելով խղճով: Ի դեպ, Ռազմիկ Դավոյանն ասաց, որ չի կարդացել սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ