Այսօր լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հարցին՝ եթե հանրաքվեից հետո ընդդիմությունը, ոչ-ի կողմնակիցները որոշեն բողոքարկել Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները, այդ ՍԴ-ն ինչքանո՞վ կկարողանա օբյեկտիվ վճիռ կայացնել, երբ ՍԴ նախագահը այո-ի ակտիվ քարոզարշավով է զբաղված՝ նա պատասխանեց. «Նախ, ակտիվ քարոզին ականատես չեմ եղել, ինչ վերաբերում է՝ արդյոք կա՞ այդտեղ շահերի բախում, թե՞ ոչ՝ ցանկացած իրավաբան ձեզ կպատասխանի, որ չկա: Հանրաքվեի արդյունքները չեն կարող վիճարկվել բովանդակային հիմքով, կարող են վիճարկվել միայն ընտրությունների խախտումները: Եթե կան խախտումներ, քննվում է խախտումների հարցը»:
Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն իրավունք չուներ ներգրավվել սահմանադրական փոփոխությունների գործընթացում. «Սահմանադրական դատարանի նախագահը հենց այդ ոլորտի մասնագետն է, ով ունի հարուստ փորձ: Եթե հարցը վերաբերվեր այն հանգամանքին, որ նա հնարավորություն ունի պարտավորեցնող մի ակտ ընդունել, ես համաձայն կլինեի: Իրավական ակտ ընդունելու դեպքում կարող էր այլ լինել, բայց երբ խոսքը վերաբերում է փաստաթղթի պատրաստմանը, որը հետո պետք է դառնա քննարկման առարկա եւ քվեարկվի ժողովրդի կողմից, ես չեմ կարող համաձայնվել դրա հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ