Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի տվյալներով, Հայաստանում գործող 21 բանկից 15-ի մոտ տարեկան կտրվածքով շահույթի նվազում է նկատվել, ընթացիկ տարվա ինն ամսվա կտրվածքով` 7 բանկ արդեն վնասով են աշխատում:
«Վատ որակի վարկերի տոկոսն է սկսել մեծանալ, (քաղաքացիները չեն վճարում)»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց տնտեսագետը:
Ըստ նրա, վերջին ութ տարում Հայաստանում չեղավ ինստիտուցիոնալ փոփոխություն, մենաշնորհային, օլիգարխիկ համակարգն ավելի խորացավ, արդյունքում ոչ թե բարձրացավ քաղաքացիների կամ գործարարների բարեկեցությունը, այլ ավելացան մի խումբ մարդկանց բարեկեցությունն ու եկամուտները. «Այս համակարգի դեպքում արտոնություններ են պետք, ու այդ արտոնությունները հենց օլիգարխներն էլ ստանում են»;
Նա 2016 թվականի պետբյուջեի մասին չցանկացավ կարծիք ու գնահատական տալ, ասաց արտագաղթին նպաստող փաստաթուղթ է. «Հիմնական մեսիջը ՀՀ բնակիչներին՝ Հայաստանից գնացեքն է: Ասում են մեզնից այլեւս ոչինչ կախված չէ, ամեն ինչ արտաքին աշխարհից է կախված, եթե ձեզնից կախված չէ, ինչ եք անում այստեղ: Բոլոր կանխատեսումների ու վերլուծությունների հիմքում դա է՝ մեզնից ոչինչ կախված չէ: Հիմնական մարտահրավերները, որոնք կային անցած տարիներին՝ աղքատություն, գործազրկություն ու միգրացիա, դրանք մնացել են, ավելին՝ երեքն էլ սրացել են: Ինչի համար է աշխատում տնտեսությունը, ինչով են զբաղված իշխանությունները: 2016 թվականի պետբյուջեն շատ տխուր բյուջե է, տխուր վերջաբանով, դրական նոտա չկա:
Կարդացեք նաև
Եթե ուզում ենք կյանքի որակի փոփոխություն լինի, պետք է ապահովենք ոչ թե չորս տոկոս աճ, այլ տարեկան մինիմում 7-8 տոկոս աճ: Տնտեսական այս քաղաքականությամբ այլեւս անելիք չկա, որեւէ իշխանություն, որն այսպիսի քաղաքականություն է վարում, ապա անելիք չունի, պետք է հրաժարվի, գնա:
Հասել ենք վերջին, Կարող ենք իջնել, վերջին կանգառն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ