Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի ամեն բացակայի համար աշխատավարձից պահում են 30 հազար դրամ. Ծառուկյանն աշխատավարձ չի ստանում (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2015 12:12

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց 2016-ի բյուջեի նախագծով նախատեսված հատկացումներն ու ծախսերը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ամեն տարի բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորի պահպանման ծախսերի հետ կապված քննադատություն է հնչում հենց պատգամավորների կողմից, հնարավոր չէ՞ այդ ծախսերը մի քիչ սեղմել եւ ավելի արդյունավետ ծախսել: Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Էդ պահպանման ծախսերը մի կարծեք, որ վերմակ ենք գցում պատգամավորների վրա: Դա սկսած իրենց աշխատավարձն է, հոսանքն է, ինտերնետն է, կապի միջոցներն են, գրենական պիտույքներն են»: Մեր դիտարկմանը, որ նույն գրասեղանների հետ կապված Տիգրան Ուրիխանյանը դժգոհում էր՝ նա պատասխանեց. «Ե՞րբ ենք մենք թազա գրասեղան առել, դուք մեր սենյակների գրասեղանները տեսե՞լ եք: Նայեք, էլի, գնացեք նայեք»:

Նա նշեց, որ ամենամեծ մասնաբաժինը պահպանման ծախսերի՝ 80 տոկոսը աշխատավարձն է: Ըստ նրա, կարելի է ծախսերի խնայողություններ ու կրճատումներ անել:

Մեր հարցին՝ եթե պատգամավորների աշխատավարձի համար այդքան կլորիկ գումար եք տալիս, այն պատգամավորները, որոնք չեն գալիս աշխատանքի, նրանց ինչո՞ւ եք աշխատավարձ տալիս մեր պետբյուջեի հաշվին՝ Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Երբ չեն գալիս աշխատանքի, բացակայությունների համար պահվում է իրենց աշխատավարձից»:

ԱԺ-ի հաշվապահն էլ հուշեց, թե ինչ չափի պահման մասին է խոսքը՝ 1 օրվա համար 30 հազար դրամ պահվում է պատգամավորի աշխատավարձից: Դիտարկմանը, որ փաստորեն Գագիկ Ծառուկյանը մի բան էլ ինքն է գումար տալիս ԱԺ-ին, որ մնա՝ Հրայր Թովմասյանը ծիծաղեց: Իսկ հաշվապահը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ից ընդհանրապես աշխատավարձ չի ստանում:

Մեր հարցին՝ գործուղումների հետ կապված հնարավոր չէ՞ էկոնոմ դասի տոմս գնել՝ Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Բացի ԱԺ նախագահից, ԱԺ փոխնախագահները, հանձնաժողովների նախագահները թռչում են էկոնոմ կլասով, միշտ գնում են ամենահամեստ կազմով»:

Ինչ վերաբերում է գործուղումների ժամանակ շքեղ հյուրանոցներում մնալուն ու ֆեյսբուքում ֆոտոսեսիաներ գցելուն՝ Հրայր Թովմասյանն ասաց. «ԱԺ նախագահի վերջին այցելության ժամանակ ԱԺ նախագահն էլ մնացել է 4 աստղանի հյուրանոցում: Ոչ մեկը չի մնում 5 աստղանի հյուրանոցում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30