«Սահմանադրության նոր նախագիծն առաջին անգամ ընդգրկում է կայուն զարգացման գաղափարը, այսինքն` ցանկացած գործունեություն ծավալելիս պետք է հաշվի առնել էկոլոգիական անվտանգությունը եւ սոցիալական արդարության սկզբունքը, որոնք մեզ թույլ կտան հղում անելով այս կետին՝ որեւէ ծրագիր մշակելիս ասել, որ բնապահպանական խնդիրները պետք է հաշվի առնել»,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նա Մայր օրենքի փոփոխված նախագծում նաեւ բացթողումներ է արձանագրել. «Եթե գործող Սահմանադրությամբ պետությունը պարտավոր է ապահովվել շրջակա միջավայրի պահպանությունը, ապա նոր Սահմանադրությամբ՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը: Բայց բոլորս էլ կարող ենք խթանել, մեկը՝ լավ, մեկը՝ վատ: Հարցը բարձրացրել ենք բոլոր ատյաններում, բայց փոփոխություն տեղի չունեցավ: Բնապահպանության նախարարության պաշտոնյան պնդեց, որ դա ճիշտ է, պետությունը կարող է օգնել եւ խթանել շրջակա միջավայրի պահպանությանը, բայց ոչ ապահովել»:
Կարինե Դանիելյանը նշեց, որ նոր Սահմանադրության մեջ բացակայում է 33.2 հոդվածը, որը հաստատում է անձի՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքը. «Հարցը կրկին բարձրացրել ենք նախագահի հետ հանդիպման ժամանակ եւ ԱԺ-ում: Վարդան Պողոսյանն ասաց,՝ որ դա սահմանվում է օրենքներով եւ կարիք չկա արտացոլել սահմանադրության մեջ»:
Կարդացեք նաև
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով էլ՝ սահմանադրական բարեփոխումները նվազեցնում են պետության կարգավորիչ դերը. «Հայեցակարգերից մեկը սահմանում է, որ պետությունը միայն նպատակներ կարող է դնել, որոնք պետք է իրագործի իր հնարավորության շրջանակում: Այս հայեցակարգը ենթադրում է պետության պարտավորությունների ազատում եւ դրանց տեղափոխություն անորոշ նպատակների դաշտ: Ասենք, պետության նպատակային քաղաքականություն կարող է լինել ամբողջ Հայաստանի տարածքը հանքաարդյունաբերության վերածելը: Բայց դրանից բխող հետեւանքները քաղաքացու պարտավորությունների մեջ են մտնում: Այսինքն, եթե վավերացնենք այս սահմանադրությունը, կստացվի, որ քաղաքացիներն են պետությանը նման իրավունք տալիս»:
Հրանուշ Խառատյանի բնորոշմամբ՝ իշխանությունները նաեւ լիազորվում են սոցիալական ոլորտում ունենալու պասիվ քաղաքականություն. «Լիազորում ենք պետության իրավունքը՝ մեզ հետո թոշակ չտալու: Պետությունը հրաժարվելու է իր այդ պարտավորությունից: Չեմ ասում՝ անպայման այդպես է լինելու, բայց բարձրաձայնում եմ այդ հարցը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ