2016-ին ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսվել է բյուջեից տրամադրել մոտ 4 մլրդ 558 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ ներկայացված գումարը նվազել է 22 մլն դրամով:
Հանրային իրազեկման ապահովում ծրագրով նախատեսվել է ավելացնել գումարը 17 մլն դրամով: 2016-ին նախատեսվել է նախագահի շուրջ 1000 հրամանագրերի, 250 կարգադրությունների, 640 ուղերձների, ինչպես նաեւ 196 այլ փաստաթղթերի՝ նամակների, լիազորագրերի պատրաստում: Նախատեսվում է վերահսկողական ծառայության կողմից կատարել ՀՀ նախագահի հրամանագրերի կատարման ուսումնասիրություն՝ 15-օրյա ժամկետում, ուսումնասիրել 8500 դիմում-բողոք, կազմակերպել քաղաքացիների ընդունելություն:
Այդ մասին այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2016-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Ուշագրավ է, որ նա պատասխանեց ընդամենը երկու պատգամավորի հարցերի: Երբ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նրան փորձեց հարցեր ուղղել՝ Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ես ներողություն եմ խնդրում, ուղղակի ժամը 11-ին պետք է լինեմ հայ-ռուսական ֆորումի բացմանը»: Այս բացատրությամբ նա չպատասխանեց պատգամավորի հարցին ու հեռացավ:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ այդ հայ-ռուսական ֆորումը Ձեզ համար ավելի՞ կարեւոր է, քան մեր պետբյուջեն եւ Ազգային ժողովը՝ Վիգեն Սարգսյանը չպատասխանեց, լուռ հեռացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ