ՀՀ արդարադատության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ի վերջո ինչպե՞ս է կարգավորվելու տարիներ շարունակ դատապարտյալների համար խնդիր հանդիսացած պայմանական վաղաժամկետ ազատման հարցը։ Ի պատասխան ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին. «ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարությամբ ներկայում ՀՀ ԱՆ-ում աշխատանքներ են իրականացվում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համակարգի կատարելագործման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մշակման ուղղությամբ։
Մասնավորապես՝ դրանց արդյունքում կպարզեցվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնող մարմինների համակարգը, կսահմանվեն այն օբյեկտիվ չափանիշները, որոնց հիման վրա համապատասխան մարմինները պետք է որոշեն դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը, ինչպես նաեւ կհստակեցվեն յուրաքանչյուր մարմնի գործառույթները։ Վերը նշված նպատակների իրագործման համար ՀՀ արդարադատության նախարարությունում այժմ ուսումնասիրվում են մինչ այս պահը եղած առաջարկները, որից հետո նոր նախագիծ կդրվի շրջանառության մեջ»։
Անկախ հանձնաժողովը ստեղծեցին իբր համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով, սակայն եղած խնդիրները վերացնելու փոխարեն դատապարտյալներին կանգնեցրին նոր խնդիրների առջեւ։ Բազմաթիվ դատապարտյալներ տարիներ շարունակ բարձրաձայնում են, որ ենթակա են պայմանական վաղաժամկետ ազատման, բնութագրվում են դրականորեն, սակայն «Անկախը» մերժում է իրենց։
Հետաքրքիր է, որ Անկախ հանձնաժողովը որոշ դեպքերում չափազանց բարեգութ է ոմանց նկատմամբ։ Բերենք երկու հետաքրքիր օրինակ։ 2013 թվականի դեկտեմբերի 20-ին պայմանական վաղակետով ազատ արձակվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որը մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար եւ դատապարտվել 4 տարվա ազատազրկման։
Կարդացեք նաև
Մյուս ազատ արձակվածը Վրաստանում Հայաստանի դեսպան, ծանրամարտիկ Յուրիկ Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանն էր։ Վերջինս մեղավոր էր ճանաչվել խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու, մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու համար եւ դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման։ Նա դատապարտվել էր 2014 թվականի սեպտեմբերի 4-ին, իսկ ազատ արձակվել երեք ամիս անց՝ դեկտեմբերի 18-ին։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում