Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակամարտության գոտում արդեն իսկ տիրում է չհայտարարված պատերազմի տրամադրություն». Լ. Մնացականյան

Նոյեմբեր 03,2015 11:33

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Հ.Մնացականյանի պատասխաններըՄոսկովյան «Նոյան Տապան» թերթիհարցերին.

Այսօր ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին: Ո՞րն է, Ձեր կարծիքով, իրադրության ներկայիս աննախադեպ սրման պատճառը:

Պատ. – Նախ ասեմ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճ նկատվեց դեռևս նախորդ տարվա հուլիս-օգոստոսից սկսած, որը որոշակի ընդհատումներով, սակայն խոշոր տրամաչափի հրետանային զինատեսակների աստիճանական ներգրավմամբ ու ինտենսիվ կիրառմամբ, շարունակվում է առայսօր: Ինչ վերաբերում է վերջին շրջանում շփման գոտում տեղ գտնող սրացումների պատճառներին, ապա ես դրանցից կառանձնացնեի հետևյալները. նախ` քաղաքական տեսանկյունից պաշտոնական Բաքուն նման քայլերով փորձում է միջազգային հարթակում ցույց տալ իր անհանդուրժողականությունը հակամարտության գոտում հաստատված “status-quo”-ի հանդեպ և այդ իսկ ճանապարհով ճնշում գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների վրա, իսկ ռազմական տեսանկյունից` փորձարկել սեփական զինուժի պատրաստականությունը`առավել լուրջ և լայնածավալ մարտական գործողություններ վերսկսելու համար: Իհարկե, կան նաև դրանցից ածանցվող այլ պատճառներ ևս, որոնք ավելի շատ նպատակաուղղված են ինչպես ներքին լսարանի հետաքրքրությունները բավարարելու, այնպես էլ հայկական կողմի վրա հոգեբանական ազդեցություն թողելու նպատակով:

Ի՞նչ է հակադրում ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական գերզինված բանակին: Կարելի է արդյո՞ք իմանալ, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում հակառակորդի ագրեսիվ պահվածքը ճնշելու համար: Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին հուզում է հետևյալ հարցը. Ի՞նչքան կարող են ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերը դիմակայել ադրբեջանական բանակին, որը վերջին տարիներին մի քանի անգամ ավելացրել է իր զինանոցը:

Պատ. – Չցանկանալով թերագնահատել հակառակորդի տրամադրության տակ եղած սպառազինության և տեխնիկայի ծավալները, այդուհանդերձ պետք է ասեմ, որ սեփական բանակի գերզինվածության մասին Ադրբեջանի հոխորտանքները ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն: Բաքուն սիրում է ուռճացնել իր հնարավորությունները, մեկի փոխարեն ներկայացնել տասը` առանց հաշվի առնելու դրանց որակական չափանիշներն ու կիրառման արդյունավետության աստիճանը: Հակառակ դրան հայկական կողմը գլխավոր շեշտը դնում է ոչ միայն սպառազինության և տեխնիկայի քանակական ցուցանիշների, այլև որակական բնութագրերի վրա: Ելնելով այս իրողությունից վստահաբար կարող եմ ասել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակն ունի ադրբեջանական զինուժին պատվով դիմակայելու բոլոր տեխնիկական և բարոյահոգեբանական հնարավորությունները, որոնք պարբերաբար իրենց արտահայտությունն են գտնում առաջնային գծում տեղ գտնող զարգացումներում: Պատերազմների փորձը ցույց է տալիս,որ հզոր և պաշտպանունակ է այն բանակը, որը բացի գերժամանակակից սպառազինությունից, զինված է նաև առաջադրված խնդիրները գրագետ ու վճռականորեն լուծելու և բարոյահոգեբանական պատշաճ պատրաստություն ունեցող զինվորական անձնակազմով: Սրանք այն անհրաժեշտ նախապայմաններն են, որոնց այսօր լիարժեք տիրապետում է Արցախի բանակը: Որքան էլ Բաքվի պաշտոնական և ոչ պաշտոնական քարոզչամիջոցները հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը փորձեն ներկայացնել իրենց համար շահավետ տեսանկյունից, այդուհանդերձ իրողությունը մեկն է` Պաշտպանության բանակը ողջ առաջնագծի երկայնքով եղել և մնում է թելադրողի դերում:

Դուք համաձայն ե՞ք այն պնդման հետ, թե ադրբեջանական բանակը թաքցնում է իրկորուստների իրական թիվը: Ի՞նչ պատճառներով է դա արվում:

Պատ. – Որ ադրբեջանական կողմը միանշանակ թաքցնում է իր իրական կորուստների քանակը, դա կասկածից վեր է: Թերևս շատերին է հայտնի, որ դեռևս 2014թ. սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված հրամանագրով այդ երկրի լրատվամիջոցներին արգելվեց որևէ տեղեկություն տարածել բանակում տեղ գտնող զոհերի և վիրավորների մասին: Սա սեփական հանրությանը իրական կորուստներին անտեղյակ պահելու և այդ միջոցով ներքին ցնցումներից խուսափելու ադրբեջանական մոտեցում է, որին չենթարկվելու դեպքում լրագրողները կարող են հայտնվել ճաղերի հետևում: Բայցևայնպես, ինչպես ասում են`մախաթը պարկում չես կարող թաքցնել: Բերեմ կոնկրետ ժամանակահատվածում արձանագրված միայն մեկ փաստ. բոլորովին վերջերս Բաքվի պաշտոնական քարոզչությունը տարածեց, թե իբր ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսում առաջնագծում տեղ գտած սրացումների արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 4 զոհ, այն ինչ` ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված ամենահավաստի տվյալների` հակառակորդի ունեցած զոհերի թիվն անցնում է 20-ի սահմանը, իսկ վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Սա է իրողությունը…

Արդյո՞ք իրավիճակի զարգացումը կվերածվի լայնամասշտաբ պատերազմի:

Պատ. – Քանի դեռ ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև կնքված չէ խաղաղության հաստատման մասին վերջնական համաձայնագիր, պատերազմի վերսկսման վտանգը միշտ էլ առկա է: Որպեսզի դրանում համոզվեք, բերեմ միայն այս տարվա սկզբից առաջնային գծում տեղ գտած զարգացումներից մի քանի փաստ: Այսպես, եթե մինչև 2015 թվականի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տարիներ շարունակ ձգվող հրադադարի ռեժիմը խախտվում էր ինքնաձիգերից և դիպուկահար զենքերից իրականացվող կրակահերթերով, ապա ս. թ. հունվարի 2-ից դրանց ավելացան նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետային արկակոծումները: Մարտի կեսերից ադրբեջանական կողմը, բացի ականանետերից, գործողության մեջ դրեց TR-107 տիպի հրթիռահրետանային կայանք, իսկ սեպտեմբերի 25-ին կիրառեց 144 մմ-ոց հրանոթ և 122 մմ-ոց Դ-30 տիպի հաուբից: Այս ամենը խոսում է այն մասին, որ հակամարտության գոտում արդեն իսկ տիրում է չհայտարարված պատերազմի տրամադրություն: Իսկ դրանից մինչև բացահայտ առճակատում` ընդամենը մի քանի քայլ է…

Ձեզ չի՞ թվում, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում Արևմուտքի երկրները և ԱՄՆ-ն շատ չեն հետաքրքրված, այլապես ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների նկատմամբ նրանց արձագանքը կլիներ ավելի արդյունավետ:

Պատ. – Որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը գտնվում է ձեր նշած երկրների ուշադրության կենտրոնում, դրանում չեմ կասկածում: Ինչ վերաբերում է նրանց կողմից գործադրվող ջանքերի արդյունավետությանը, ապա զերծ կմնամ գնահատականներ տալուց, մանավանդ, որ դա ոչ այնքան իմ, որքան Արցախի հանրապետության համապատասխան գերատեսչությունների իրավասության մեջ է:

Կարող են արդյո՞ք Հայաստանը, Ռուսաստանը և որոշ բարեկամական երկրներ մոտապագայում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Պատ. –Ավելի լավ կլիներ այդ հարցն ուղղեիք նշված երկրների համապատասխան կառույցներին:

Արդեն չորս ամիս է, ինչ Դուք զբաղեցնում եք Լեռնային ՂարաբաղիՀանրապետության պաշտպանության նախարարի և պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնները: Ի՞նչ եք հասցրել անել այս ժամանակահատվածում, ի՞նչխնդիրների հետ եք բախվել և մոտակա ի՞նչ պլաններ ունեք:

Պատ. – Պաշտպանության բանակն իմ համար անծանոթ միջավայր չէ, մանավանդ, որ իմ երկարամյա ծառայության հիմնական մասն անցել է հենց այստեղ: Այն վաղուց արդեն կայացած կառույց է և ունի պլանավորված ու հստակ զարգացման ուրույն մարտավարություն: Հենց այդ մարտավարությունն էլ ընկած է իմ գործունեության հիմքում: Այսօր դեռևս վաղ է խոսել կատարածի մասին, բայց որ բանակը պահանջում է ամենօրյա և քրտնաջան աշխատանք և այդ ուղղությամբ բավականին անելիքներ կան, դա միանշանակ է: Համոզված եմ, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվելու է և անելու ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախը լինի անվտանգ, իսկ նրա ժողովրդի ապահով կենսագործունեությունը հուսալի ձեռքերում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30